Մեկնարկում է ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան 2-րդ մրցույթը, որի նպատակն է զարգացնել հայ դպրոցականների ալգորիթմային մտածողությունը, խթանել ծրագրավորման նկատմամբ հետաքրքրությունը:
ԴիջիԿոդի շրջանակներում աշակերտներն աշխատում են Scratch (Աղվես) ծրագրավորման լեզվով և ստեղծված խաղերը բեռնում են Մասաչուսեթսի (MIT) տեխնոլոգիական ինստիտուտի կայք: Scratch-ը MIT-ի կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է, իսկ «Աղվես»-ը Scratch ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը կիրառվում է նաև ռոբոտներ ծրագրավորելիս: Ծրագիրն իրենից ներկայացնում է ցանց, որը միավորում է ծրագրավորմամբ հետաքրքրվող դպրոցահասակներին: Հարկ է նշել, որ այս ծրագիրը զարգացնում է ոչ միայն ալգորիթմային մտածողությունը, այլ նաև աշակերտների ստեղծագործականությունը, երաժշտական ճաշակը, անգլերենի իմացությունը, շփման ունակություններրը և այլն:
ԴիջիԿոդ մրցույթին կարող են մասնակցել 7-17 տարեկան դպրոցականներ: Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել http://digitec.am/am/events/digicode կայքում մինչև դեկտեմբերի 15-ը: Նախնական փուլը հաղթահարած մասնակիցներն իրենց խաղերը կներկայացնեն ժյուրիի անդամներին: Լավագույն խաղերի հեղինակներին սպասվում են դրամական պարգևներ, դասընթացներ, ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն:
Հիշեցնենք, որ ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթը, որն առաջին անգամ անցկացվեց հունիսին, աննախադեպ հետաքրքրություն էր առաջացրել դպրոցականների շրջանում: Բավականին կարճ ժամանակահատվածում մրցույթի մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 200 աշակերտ ՀՀ բոլոր մարզերից: