Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնության և «Յուքոմ» ընկերության աջակցության շնորհիվ այժմ Տավուշի մարզի Կողբ, Ներքին Կարմիրաղբյուր և Արծվաբերդ գյուղերի դպրոցականները նույնպես հնարավորություն ունեն կրթվելու ինժեներական ժամանակակից լաբորատորիաներում, որտեղ առկա են Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ տպիչներ, «Գուգարք» մինի համակարգիչներ և այլ սարքեր: Ինժեներական այս ժամանակակից լաբորատորիաներում աշակերտները կարող են ստեղծել հեռակառավարվող մեքենայից մինչև կենցաղում կիրառվող ռոբոտներ: Նրանք կսովորեն ծրագրավորում, եռաչափ մոդելների նախագծում, հարթաչափային մոդելների հետ աշխատանք, էլեկտրոնիկա, մեխանիկա:
Լաբորատորիաների բացման հանդիսավոր արարողությունն սկսվեց Կողբ գյուղի դպրոցում, որին ներկա էին «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, ԻՏՁՄ փոխտօրեն Հայկ Չոբանյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Կողբի գյուղապետ Արամայիս Աբովյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, ինչպես նաև այլ հյուրեր և ներկայացուցիչներ: Միջոցառման կազմակերպիչներն ու հյուրերը այցելելեցին նաև Ներքին Կարմիրաղբյուր և Արծվաբերդ սահմանամերձ գյուղերի դպրոցներ: Ինժեներական լաբորատորիաների բացման արարողությանը մասնակցում էին նաև հոգևոր դասի ներկայացուցիչներ՝ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանի գլխավորությամբ:
Ինժեներական լաբորատորիաներում կարող են վերապատրաստում ստանալ ոչ միայն դպրոցի աշակերտները, այլ նաև տեղի և մոտակա գյուղերի բնակիչները: Ինժեներական լաբորատորիաներում կրթված պատանիները հնարավորություն են ունենում նաև մրցունակ լինել Հայաստանի աշխատաշուկայում և ապագայում լավ աշխատանք ունենալ առաջատար ընկերություններում:
Հավելենք, որ ԻՏՁՄ-ի և աջակից ընկերությունների շնորհիվ մայրաքաղաքի և մարզերի դպրոցներում արդեն գործում են ռոբոտաշինության ավելի քան 80 խմբակ, որոնցից շուրջ 20-ն արդեն կահավորված են ինժեներական ժամանակակից լաբորատորիաներով: