Onex.am, Globbing.com, թե ShopInAmerica.am. ո՞ր ծառայությունից օգտվել ԱՄՆ-ից գնումներ կատարելու դեպքում (թարմացված)

Երբեմն անհրաժեշտություն է առաջանում ապրանքներ գնել միջազգային առցանց խանութներից, որոնք չունեն առաքում դեպի Հայաստան։ Նման դեպքերում կարելի է օգտվել այնպիսի ծառայություններից, որոնք իրենց վրա են վերցնում առաքանին Հայաստան հասցնելու գործը։ Նման ծառայություն են առաջարկում Onex.am-ը, Հայփոստին պատկանող ShopInAmerica.am-ն ու Globbing.com կայքերը։

Ամերիկայից պատվիրելու ու ապրանքը Հայաստանում ստանալու գործընթացը կազմակերպվում է հետևյալ կերպ․ վերոնշյալ երեք կայքերն էլ գրանցվելու դեպքում անվճար տրամադրում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող հասցե։ Դուք կատարում եք առցանց գնումը, հասցեի տողում նշում ոչ թե Հայաստանի, այլ ԱՄՆ-ի հասցեն, որտեղ էլ ուղարկվում է առաքանին։ Այն Հայաստան հասցնելու հոգսը հոգում են վերոնշյալ ընկերությունները։ Այժմ քայլ առ քայլ կներկայացնենք պատվիրման ու ստացման գործընթացը՝ համեմատելով երեք կայքերի առաջարկած ծառայությունները։

Գրանցում

Երեք կայքում էլ գրանցվելն անվճար է: Globbing.com-ն ու Onex.am-ն այս հարցում ունեն մեկ առավելություն՝ նրանց տրամադրած հասցեն գտնվում է ԱՄՆ-ի Դելավեր նահանգում, որտեղ հավելյալ հարկեր չեն գանձվում գնումների ժամանակ։ Այսպիսով, ապրանքը գնվում է այն գնով, որը ցուցադրվում է օնլայն կայքում։

ShopInAmerica-ն տալիս է Կալիֆորնիա նահանգի հասցե, ըստ ՀայՓոստի աշխատակցի՝ այս նահանգում հարկեր չեն գումարվում գնումների վրա, սակայն Globbing-ում հավաստիացնում են, որ Դելավերից բացի այլ նահանգներում գնումները հարկվում են․ դա երևում է օնլայն գնումը ձևակերպելու ընթացքում, երբ նշվում է նահանգի zip-կոդը։

Նշենք, որ ShopInAmerica-ն առանձին հեռախոսային սպասարկում չունի, զանգերին պատասխանում են Հայփոստի աշխատակիցները, ինչը փոքր-ինչ դժվարացնում է կապ հաստատել, քանի որ հեռախոսագիծը շատ հաճախ է զբաղված լինում։

Globbing.com-ը տալիս է նաև Facebook-ի էջով գրանցվելու հնարավորություն, ինչն ավելի է արագացնում գրանցման գործընթացը։ Բացի այդ՝ Globbing-ը տալիս է գրանցվողներին Պրահայում գործող հասցե՝ Եվրոպայից գնումներ կատարելու համար։

Ինչ վերաբերում է գրանցվելիս նշվող պարտադիր տվյալներին, ապա Globbing.com-ը գրանցվելիս պահանջում է միայն անուն-ազգանուն, էլ-փոստ և նոր գաղտնաբառ։

ShopInAmerica-ն պահանջում է շատ մանրամասն տվյալներ լրացնել, ներառյալ՝ անձնագրի տվյալներ, ծննդյան ամսաթիվ, հասցե, հեռախոսահամար, փոստային դասիչ։

Onex.am-ում անձնագրի տվյալները պարտադիր չէ լրացնել, սակայն անուն-ազգանվան, էլ-փոստի հետ միասին պահանջվում է լրացնել հեռախոսահամարն ու հաշվառման հասցեն։

Տվյալների անվտանգություն

Քանի որ կայքերում գրանցվելիս տրամադրում ենք անձնական տվյալներ, անհրաժեշտ է, որ դրանք ունենան անվտանգության վկայականներ։ Այս առումով Globbing.com-ն ու Onex.am-ը թերանում են, վերջիններս չեն աշխատում SSL վկայականով, ինչը վտանգի տակ է դնում տվյալների անվտանգությունը։  

glob

onex.am

Հուսալի է միայն ShopInAmerica-ի կայքը, որն աշխատում է SSL վկայականով։

shop

Սակագներ

Բեռնափոխադրման արժեքը կախված է բեռի իրական և ծավալային քաշից։ Կայքերում կիրառվող ծավալային քաշի հաշվարկի բանաձևը հետևյալն է․

Երկարություն X Լայնություն X Բարձրություն / 6000 (սմ / կգ դեպքում)։

ShopInAmerica կայքում հետևյալ սակագներն են․

– 5 դոլար մինչև 200 գր ծավալային քաշով ծանրոցի համար, որի ներդրանքի արժեքը չի գերազանցում 100 դոլլար,

– 8 դոլար մինչև 500 գր ծավալային քաշով ծանրոցի համար, որի ներդրանքի արժեքը չի գերազանցում 150 դոլլար,

– 16 դոլար մինչև 1 կգ ծավալային քաշով ծանրոցի համար,

– 8 դոլար յուրաքանչյուր մինչև 0.5 հավելյալ ծավալային քաշի համար:

Onex-ում հաշվի է առնվում նաև հետևյալը ՝

  • 1կգ՝ 6000 դրամ,
  • Մինիմալը (մինչև 1/3 կգ)՝ 2000 դրամ։
  • Հաշվարկը կատարվում է գրամներով, օրինակ. 400 գրամի դեպքում՝ 2,400 դրամ:

Globbing.com-ն առաջարկում է առաքման 9 տարբերակ՝ տարբեր արագությամբ ու գներով։

Թե որ կայքն է ավելի մատչելի առաքում ապահովում, ներկայացնենք ծավալային ու քաշային նույն տվյալներ ունեցող ապրանքի օրինակով հաշվարկը.

shopinamerica
ShopInAmerica

 

Onex.am
Onex.am
Globbing.com
Globbing.com
Globbing.com
Globbing.com

Ինչպես նկատեցիք, նույն չափսով ու քաշով փաթեթի համար ամենամատչելի առաքումն ապահովում է Globbing-ը՝ $23,27 դոլարով։

Մաքսազերծում

Օգտագործողը պետք է հավելյալ վճարում կատարի առաքանու մաքսազերծման համար, եթե պատվերների գումարը գերազանցի ամսական 200,000 դրամը: Եթե պատվերը գերազանցում է թույլատրված արժեքը (200,000 դրամ), հարկման ենթակա կլինի միայն գերազանցող մասը:

Առաքում

ShopInAmerica-ն առաջարկում է ոչ միայն առաքում ինքնաթիռով, այլև ծովային ճանապարհով, որը չնայած ավելի երկար է տևում՝ 60-90 օր, բայց ավելի մատչելի է, քան օդային ճանապարհով (դիտեք նախորդ նկարները)։

Իսկ պատվիրատուները ստանում են իրենց փաթեթները հետևյալ կերպ․ ShopInAmerica-ն առաքում է ապրանքը գրանցվելիս օգտագործողի նշած հայաստանյան հասցեն սպասարկող փոստային բաժանմունք: Իսկ Onex.am-ով պատվիրած ապրանքները կարելի է վերցնել ընկերության գրասենյակից կամ պատվիրել դեպի տուն առաքման ծառայություն. մինչև 10 կգ պատվեր ունենալու դեպքում առաքումն Երևանում արժե 500 դրամ, իսկ ավել քաշի դեպքում՝ անվճար։ Globbing-ն անվճար հասցնում է առաքանին օգտագործողի նշված հասցեով։

Սպասարկում

Globbing կայքը, ի տարբերություն մյուս երկու կայքերի ապահովում է հեռախոսային 24/7 սպասարկում։ ShopInAmerica-ի հետ հեռախոսով կարելի է կապ հաստատել երկուշաբթի-ուրբաթ օրերին՝ մինչև ժամը 19-ը, իսկ շաբաթ օրը՝ մինչև 18-ը։ Onex.am-ը հեռախոսային աջակցություն է ապահովում երկուշաբթի-շաբաթ օրերին՝ ժ․ 10:00-19:00-ը։

Ինչ վերաբերվում է կայքի հետադարձ կապով նամակ ուղարկելուն։ ittrend.am-ը փորձեց երեք կայքերի հետ էլ նամակով կապ հաստատել կիրակի օրը, քանի որ սովորաբար ոչ աշխատանքային օրերին օգտագործողները ավելի շատ են հակված օնլայն գնումներ անել ու ավելի շատ ազատ ժամանակ ունեն։ Պատասխանները ստացվեցին միայն հաջորդ օրն առավոտյան։ Սա նույնպես թերացում է, հատկապես Globbing-ի համար, որն ունի շուրջօրյա սպասարկում։

Կայքի օգտագործման հարմարավետություն

Կայքի հարմարավետության տեսանկյունից կարելի է ասել, որ երեք կայքերն էլ համակարգված են, օգտվելն ու անհրաժեշտ բաժինը գտնելը հեշտ է։ Որպես առավելություն նշենք, որ Globbing-ն ունի Amazon, eBay, Walmart և BestBuy խոշորագույն կայքերում տարատեսակ ապրանքներ որոնելու ու համեմատելու հնարավորություն։

Օգտագործման պայմաններ

Օգտագործման պայմաններ ունեն միայն Onex.am-ն ու ShopInAmerica-ն, ընդ որում՝ վերջինի պայմանները ներկայացված են բավական հանգամանալից։

Սովորաբար օգտագործման պայմանները ներառում են գրանցվողի էլ-փոստի հասցեին հետագայում ուղարկվելիք գովազդային բովանդակությամբ նամակների վերաբերյալ կետ։ ShopInAmerica-ն նման որևէ կետ չունի, սակայն գրանցվելուց մի օր հետո արդեն ծառայությունն էլ-փոստով ուղարկում է գովազդային հայտարարություններ։ Այս առումով Onex.am-ն ու Globbing.com-ն առայժմ նման նամակներ չեն ուղարկում։

Լրացուցիչ հնարավորություններ

Եթե Դուք չունեք միջազգային պլաստիկ քարտ կամ Paypal հաշիվ, Onex-ը թույլ է տալիս գնումներ կատարել գրասենյակից աշխատակիցների օգնությամբ։ Ծառայության վճարը՝ 5 USD մինչև 100 և 5% 100 USD-ից ավել գնումների դեպքում։

Երեք կայքերն էլ հնարավորություն են տալիս հետևել փաթեթի գտնվելու վայրին անհատական հաշվի միջոցով։

————————————————————

Օնլայն շոփինգի հարմարավետ կազմակերպումը, ինչ խոսք, օրեցօր զարգանում է Հայաստանում, սակայն դեռ կան բացեր, որոնք պետք է լրացնել։ 

 Globbing.com-ի թերություններն են․

  • Տվյալների պահպանման անհուսալիություն (գրանցվելիս SSl վկայականի բացակայություն)
  • Չնայած շուրջօրյա սպասարկմանը՝ հանգստյան օրերին ուղարկված նամակը պատասխան չի ստանում,

ShopInAmerica.am-ի թերություններն են․

  • Կալիֆորնիա նահանգում հասցե տրամադրելը, որտեղ գնումները կարող են հարկվել,
  • Գրանցվելիս չափից դուրս շատ տվյալներ պահանջելը, ներառյալ՝ անձնագրի,
  • Օդային առաքման դեպքում կայքն առաջարկում է ամենաթանկ սակագինը՝ 176 դոլար 40x40x40 սմ չափսերով ու 1 կգ քաշով առաքանու համար,
  • Պատվերը պետք է վերցնել փոստային բաժանմունքից,
  • Կիրակի օրերին աջակցում չի գործում, իսկ երկուշաբթի-շաբաթ օրերին՝ միայն աշխատանքային ժամերին,
  • Նամակներին կայքը ոչ միշտ է պատասխանում։

Onex.am-ի թերություններն են․

  • Տվյալների պահպանման անհուսալիություն (գրանցվելիս SSL վկայականի բացակայություն)
  • Կիրակի օրերին աջակցում չի գործում, իսկ երկուշաբթի-շաբաթ օրերին՝ միայն աշխատանքային ժամերին։

Մատուցվող ծառայության որակն ապահովելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել սպասարկման որակին, իսկ օգտագործողների վստահությանը արժանանալու համար կիրառել անվտանգության համապատասխան վկայականները։ Սակայն հաշվի առնելով, որ ոլորտը դեռ շատ երիտասարդ է Հայաստանում, հուսով ենք զարգացումը սպասեցնել չի տա։ 

ԹԱՐՄԱՑՎԱԾ (նոյ․ 6, 19:30). ittrend․am-ի հետ այսօր կապ հաստատեց ShopInAmerica․am կայքի ղեկավարությունը՝ տեղեկացնելով, որ հոդվածի հրապարակման պահին կայքում փոխված են եղել սակագները: Այս պահին ShopInAmerica-ում հետևյալ սակագներն են․

– 5 դոլլար մինչև 400 գր ծավալային քաշով ծանրոցի համար,
– 12.5 դոլար 1 կգ ծավալային քաշով ծանրոցի համար,
– կլորացում յուրաքանչյուր 10 գրամի համար։

Հետևաբար փոխվել է նաև առաքանին Հայաստան հասցնելու գինը․ այժմ 40×40×40 սմ չափսերով և 1 կգ քաշ ունեցող առաքանին ստանալը կարժենա 133.38 դոլար և ոչ թե 176, ինչպես նախորդ սակագնի դեպքում էր:

Բացի այդ՝ մեզ տեղեկացրին, որ ժամը 19:00 ից հետո նույն 514-514 հեռախոսահամարով  կարելի է կապ հաստատել ShopInAmerica-ի՝ Գլենդելի աշխատակիցների հետ, ինչը մեզ հետ զրույցում չէր նշել հեռախոսավարուհին։ Մենք փորձեցինք կապ հաստատել, սակայն Հայփոստի ինքնապատասխանիչը ասաց միայն, որ սպասարկումը գործում է երկուշաբթի-ուրբաթ օրերին` ժամը 9-18-ը։