Menu.am-ի ստացած 720 հազար դոլար ներդրման մանրամասները

ittrend.am-ը տեղեկացրել էր, որ Մենյու Գրուփ ընկերությունն իր ընդլայնման ռազմավարության շրջանակներում ավարտին է հասցրել մոտ 720,000 ԱՄՆ դոլարի չափով ներդրումների ներգրավման գործընթացը:

«Ներդրումային միջոցներն ուղղվելու են ոչ միայն menu.am և menu.ge ընկերությունների ուժեղացմանը, շուկայական դիրքերը հայկական և վրացական շուկաներում ամրապնդելուն, այլև տարածաշրջանի այլ երկրներում տարածվելուն» – լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Մենյու Գրուփ ընկերության տնօրեն Վահան Քերոբյանը:

Ներդրումային փուլի կազմակերպիչը Գրանատուս Վենչուրս ընկերությունն է, որը հանդիսանում է առաջին և դեռևս միակ հայկական վենչուրային հիմնադրամը: Ներդրմանը մասնակցել են Գրանատուս Վենչուրսը և այլ ներդրողներ:

«Մենք հավատում ենք հայկական ՏՏ ընկերությունների տարածաշրջանային և համաշխարհային տարածման ներուժին։ Մեզ ոգևորել է Մենյու Գրուփի կառավարող թիմի կառավարման փորձառությունը և գլոբալ բիզնես կառուցելուն միտված ներդաշնակ մտածելակերպը: Այն կարող է դառնալ Հայաստանում ձևավորված, սակայն տարածաշրջանում առաջատար դիրքեր զբաղեցնող բիզնեսի յուրահատուկ օրինակներից մեկը» — նշեց Գրանատուս Վենչուրսի կառավարիչ գործընկեր Մանուկ Հերգնյանը:

ittrend.am-ի հարցազրույցը Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանի հետ կարդացեք այստեղ։