Մեկնարկում է «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթը

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Մայքրոսոֆթ ԱրԷյ-ի, Հանրային լրագրության ակումբի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համագործակցութամբ հայտարարում է «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» նորարար գաղափարների և ծրագրավորման մրցույթ։ Ծրագրավորողներից և «չծրագրավորողներից» կազմված թիմերը դեկտեմբերի 12-13-ը կմշակեն իրենց վեբ և մոբայլ լուծումների դեմո տարբերակները, որոնք կներկայացվեն մասնագետների և մենթորների դատին։

«Հեքըթոն[ՅԱՆ] 2015»-ը չունի որևէ թեմատիկ ուղղվածություն, և մասնակից թիմերը կարող են առաջարկել լուծումներ՝ ցանկացած տեղական և միջազգային խնդրի համար ցանկացած հարթակում։

«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015»-ը անցկացվելու է Վանաձոր քաղաքում, որտեղ ՀՀ Կառավարության, Համաշխարհային բանկի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի աջակցությամբ տեղի են ունենում մեծածավալ աշխատանքներ Վանաձորը տեխնոլոգիական կենտրոն դարձնելու ուղղությամբ։

«2011թ․ի ի վեր յուրաքանչյուր տարի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը՝ Հանրային լրագրության ակումբի հետ համատեղ կազմակերպում է  այս մրցույթը՝ նպատակ ունենալով խթանել ստեղծագործ մտածողությունը և ձեռներեցությունը երիտասարդների շրջանում։ Հաշվի առնելով Վանաձորում ՏՏ զարգացմանն ուղղված ներկայումս ընթացող նախաձեռնությունները՝ մենք նույնպես որոշեցինք անմասն չմնալ և այս տարի մրցույթը անցկացնել Վանաձորում՝ ներգրավելով խմբերի ինչպես Վանաձորից, այնպես էլ Գյումրից, Երևանից և Հայաստանի այլ քաղաքներից։»,-նշում է Արտաշես Վարդանյանը՝ ՄԻԿ Հայաստանի տնօրենը։ Կազմակերպիչները կհոգան Գյումրիից և Երևանից մասնակիցների տեղափոխման հարցը։

Հեքըթոն[ՅԱՆ]-ները սովորաբար աչքի են ընկնում անցկացման յուրահատուկ եւ հետաքրքիր վայրերով: Այս տարվա մրցույթը՝  «Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015»-ը բացառություն չէ. այն անցկացվելու է Վանաձորի Ստեփան Զորյանի անվան N22 հիմնական դպրոցում: Մրցույթի ընթացքում կանցկացվեն սեմինարներ տարբեր տեխնոլոգիաների վերաբերյալ, իսկ Հայաստանյան կայացած ստարտափերի հիմնադիրները կներկայացնեն իրենց հաջողության պատմությունները այս ոլորտում առաջին քայլեր անող թիմերի համար։ 

Լավագույն թիմերը կստանան բազմաթիվ արժեքավոր մրցանակներ: Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կողմից ընտրված երկու թիմեր կընդգրկվեն Ստարտափերի Աքսելերացիայի ծրագրում։ Միջոցառմանը հատուկ աջակցություն է ցուցաբերում նաեւ ԱՄՆ-ում գործող հեղինակավոր Knight – Mozilla OpenNews հիմնադրամը:

«Հիմնադրամի անունից Հանրային լրագրության ակումբը խրախուսական դրամական մրցանակ կշնորհի հետաքննական լրագրությանը աջակցող ամենահետաքրքիր գործիքի գաղափարի ու դեմո տարբերակի համար: Հիմնադրամը նախկինում էլ ամեն տարի աջակցել է հեքըթոնյաններին եւ իր հարթակներով իրազեկել միջոցառման մասին միջազգային հանրությանը», – ասում է Հանրային լրագրության ակումբի նախագահ Սեդա Մուրադյանը:

Հեքըթոն [ՅԱՆ]-ին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտ հետևյալ հղումով՝ http://bit.ly/1HxPU2k ։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2015 թ-ի դեկտեմբերի 4-ը:

«Հեքըթոն[ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթը կազմակերպվում է Համաշխարհային բանկի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Արմենտել ՓԲԸ-ի (Beeline ապրանքանիշով), Knight-Mozilla OpenNews-ի, Վանաձորի N17 և 5 ավագ դպրոցների աջակցությամբ։