Ձախողումը հաղթանակ է, եթե կարողանում ես դասեր քաղել․ Ելենա Դոնեթս

Դիլիջանում անցկացվող երկօրյա Բիզնես ինովացիոն ֆորումին մասնակցում են տեղական և միջազգային հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Իսրայելի առաջատար ձեռնարկատերերից մեկը՝ Ելենա Դոնեթսը, ով Իսրայելի StartAU համալսարանի ձեռներեցության կենտրոնի գործադիր տնօրենն է:

«Նախկինում Իսրայելը բավական ցածր ցուցանիշներ ուներ Ստարտափերի էկոհամակարգի համաշխարհային վարկանիշում, սակայն տարիների աշխատանքը հանգեցրեց նրան, որ Թել Ավիվն արդեն այս վարկանշում գրավում է հինգերորդ տեղը, ընդ որում՝ առաջին չորս տեղերում ամերիկյան քաղաքներն են, այսինքն՝ Թել Ավիվը Սիլիկոնային հովտից հետո երկրորդ ամենաբարենպաստ միջավայրն ունի նորաստեղծ ընկերությունների համար»,- նշեց Դոնեթսը։

Այսօր Իսրայելն ունի արդեն 290 հետազոտման ու զարգացման կենտրոններ (R&D) ու ավելի քան 4800 ստարտափ միայն Թել Ավիվում։ Ըստ Դոնեթսի՝ ինովացիոն էկոհամակարգ ստեղծելու համար շատ կարևոր է սկզբում կառավարության դերը, որը մշակում է ռազմավարություն, օրենքներ ու ապահովում ծրագրերի իրականացման օժանդակություն։

StartAU համալսարանի ձեռներեցության կենտրոնի գործադիր տնօրենը անդրադարձավ նաև հաջողակ մոդելներին հետևելուն։ «Կարևոր է հաշվի առնել այն, որ այլ երկրների հաջողակ մոդելները կարող են չաշխատել քո երկրում», -ասաց Դոնեթսը՝ ավելացնելով, որ ձախողումները կայանալու ճանապարհին շատ կարևոր դեր ունեն․ ձախողումը հաղթանակ է, եթե կարողանում ես դրանից դասեր քաղել։