Ախալքալաքում կբացվի Թումո կենտրոն

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի առաջին հաշվետու նիստի ժամանակ հայտարարել է, որ Ջավախքում ևս բացվելու է Թումո կենտրոն: Այս պահին կատարվում է կենտրոնի համար համապատասխան շենքի ընտրությունը։

Փափազյանի խոսքով՝ կենտրոնի ստեղծման համար մեր նախատեսած երկու շենքերը ծայրահեղ վատ վիճակում են գտնվում, դրանք վերականգնելու համար անհրաժեշտ կլինի մոտավորապես երկու տարի։ Կենտրոնը նախատեսվում է բացել Ախալքալաք քաղաքում: Ընտրվելու է այնպիսի տարածք, որը հետագայում ընդլայնվելու հնարավորություն ունենա, եթե կենտրոնում սովորել ցանկացողների թիվը նախատեսված 900-ը գերազանցի։

Աշակերտները հաճախելու են տարբեր հերթափոխերով, որովհետև բոլորին միանգամից ընդունել հնարավոր չէ։ «Կտեղծվեն բոլոր հնարավոր պայմանները, որպեսզի կենտրոնը հասանելի լինի ոչ միայն Ախալքալաք քաղաքի, այլև շրջանի գյուղերի երեխաների համար։ Նրանց կապահովեն տրանսպորտային միջոցներով և այլ հարմարություններով։ Կենտրոնում կարող են ուսանել 12-18 տարեկան բոլոր ցանկացողները ՝ առանց բացառության»,-նշել է կենտրոնի գլխավոր տնօրենը։