Եվգենի Կասպերսկին ստացավ ՀՀ նախագահի մրցանակը (տեսանյութ)

Նոյեմբերի 17-ի երեկոյան ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ, այդ ոլորտում աշխարհի խոշորագույն մասնավոր ընկերություններից մեկի՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկու և նրա տիկնոջ՝ Խու Շիրոնգի, տրվել է ընդունելություն:

Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ընդունելությանը հնչեցրած իր ելույթում ներկայացրել է Հայաստանում ամենադինամիկ զարգացող և ամենամեծ հավելյալ արժեք ստեղծող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հաջողություններն ու դինամիկան՝ ընդգծելով, որ վերջին տարիներին ոլորտն ապահովել է 20-25% աճ, իսկ ՀՆԱ-ում նրա տեսակարար կշիռը կազմում է մոտ 3%: Հովիկ Մուսայելյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի համագործակցության շնորհիվ ոլորտի զարգացումը խթանելու նպատակով իրականացվող նախաձեռնություններին: Նա հանգամանորեն ներկայացրել է ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված՝ ՏՏ ոլորտում Համաշխարհային ներդրման համար հանրապետության նախագահի մրցանակի նախապատմությունը, մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի գործունեության սկզբունքները, մինչ այժմ այդ պատվավոր մրցանակին արժանացած աշխարհահռչակ անձանց և այս տարվա մրցանակակրին՝ Եվգենի Կասպերսկուն:

Նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակը հանձնել է Եվգենի Կասպերսկուն և այդ առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ հանդես է եկել ելույթով:

Միջոցառման ժամանակ շնորհակալական խոսք է ասել մրցանակակիր Եվգենի Կասպերսկին. «Ես անում եմ ինձնից կախված ամեն ինչ: Մոտիվացնում եմ իմ աշխատակիցներին, իմ ընկերությունը, որպեսզի նրանք անեն իրենց կողմից հնարավոր ամեն ինչ, որպեսզի մենք աշխարհում այս աշխատանքն իրականացնենք ամենալավը: Կարծում եմ, որ մենք դա անում ենք աշխարհում բոլորից լավ: Սա իմ կյանքն է, սա իմ ճակատագիրն է, սա իմ առաքելությունն է: Շատ շնորհակալ եմ պարոն Նախագահին, շատ շնորհակալ եմ հանձնաժողովին, որն ընտրել է իմ թեկնածությունը՝ ինձնից ոչ պակաս արժանի թեկնածուների ցուցակից, ես շնորհակալ եմ հովանավորներին, ովքեր աջակցեցին այս միջոցառմանը: Եվ ես խոսք եմ տալիս, որ կաշխատեմ է՛լ ավելի լավ: Մենք պետք է փրկենք այս աշխարհը՝ ոչ միայն կիբեր աշխարհը, այլև՝ ողջ աշխարհը, որովհետև հիմա արդեն չկա տարբերություն ավանդական ֆիզիկական աշխարհի և կիբեր տարածության մեջ: Դրանք միահյուսված են, և մենք պետք է ստեղծենք աշխատանքի համակարգեր ու պայմաններ, որպեսզի կիբեր հարձակումները՝ խնդիրներ, որոնք մեզ պետք չեն, ուղղակի չլինեն: Ես կանեմ ամեն հնարավորը, որ դա իրականանա: Եվ այս պարգևը հերթական շատ լուրջ խթան է այս աշխատանքի մեջ: Շատ շնորհակալություն»,-ասել է «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին: