Հայկական Let’s Twist խաղի հաջողության մեջ իր ներդրումն ունի նաև ազգությամբ թուրք հրատարակիչը

ArmNomads Games հայկական ընկերության ստեղծած Let’s Twist խաղը նոյեմբերի 13-ին App Store հավելվածների խանութում ճանաչվել է Editor’s choice ու մեկ շաբաթյա համաշխարհային առաջխաղացման իրավունք է ստացել 135 երկրներում:

ArmNomads Games-ի հիմնադիր, գեյմ դիզայներ Արթուր Կարոյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ խաղը ստեղծվել է թիմի սեփական ուժերով՝ առանց որևէ ներդրումների։

сдгс

«Խաղը մշակողը կարող է ինքնուրույն խաղը տեղադրել App Store-ում, բայց նման դեպքում առաջխաղացումը շատ ավելի դանդաղ է կատարվում, բացի այդ՝ պետք է նաև հաշիվ բացելու համար $100 դոլար վճարել, ինչը ներդրումների բացակայության դեպքում նույնպես խնդիր էր։ Խաղը տեղադրելուց առաջ անհրաժեշտ է լինում փորձարկել այն տարբեր սերունդների iOS-սարքերով, իսկ մեզ մոտ միայն մեկ iPad պլանշետ էր։ Այս բոլոր պատճառները հիմք հանդիսացան, որպեսզի դիմենք հրատարակչի, ով իր թեստավորողների թիմով կփորձարկեր խաղն ու կտեղադրեր այն App Strore-ում»,-պատմեց Արթուրը։

Տարբեր հրատարակիչների դիմելուց հետո խաղի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել ազգությամբ թուրք հրատարակիչը, ով բավական լավ պայմաններով պայմանագիր է կնքել ArmNomads Games-ի հետ։

Let’s Twist-ը փազլ-արկադային ժանրի խաղ է, այս պահին ունի 6 մակարդակ: Խաղը վճարովի է, արժե 0.99 դոլար։ Խաղի երաժշտությունը գրել է ազգությամբ ռուս Սերգեյ Դեուլինը, ով, ցավոք, կյանքից հեռացել է ամռանն ու չի հասցրել տեսնել պատրաստ խաղը։

Խաղի Android տարբերակը կթողարկվի նոյեմբերի 25-ին, նախատեսվում է նաև Amazon-ի սարքերի համար նախատեսված տարբերակ։