Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում պատրաստվում են 320 ՏՏ մասնագետներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որակյալ ու պահանջված կադրեր պատրաստելու նպատակով ներկայումս բավականին լուրջ աշխատանքներ են իրականացվում և ծրագրեր են կյանքի կոչվում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի՝ մայրաքաղաքից դեպի տարածաշրջան ապակենտրոնացնելու գործում շոշափելի արդյունքներ ունեն Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող մի շարք ծրագրեր։

Մասնավորապես՝ 2015 թվականի օգոստոսից տեղեկատվական տեխնոլոգիաների և մուլտիմեդիայի, համակարգչային ճարտարագիտության և ծրագրավորման ոլորտի անվճար մեծածավալ դասընթացներ են իրականացվում Հայաստանի երկու քաղաքներում՝ Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում: Ոլորտում մեծ կարևորություն ունեցող այս ծրագրին աջակցում են Հայ օգնության ֆոնդը, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Եռաչափ մոդելավորման ուսումնական կենտրոնը և Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը։

Իրականացված աշխատանքների արդյունքում ներկայումս 200 երիտասարդ Գյումրիում և 120՝ Վանաձորում բացառիկ հնարավորություն ունեն ուսումնասիրելու, սովորելու ժամանակակից տեխնոլոգիաներ, ինչպես նաև ծանոթանալ, ուսուցանվել ու հմուտ գիտելիքներ ձեռք բերել ծրագրավորման և համակարգչային ճարտարագիտության ոլորտներում՝ բացարձակապես անվճար հիմունքներով: Այս ծրագրի շրջանակներում երկու քաղաքների երիտասարդները կտիրապետեն նորարարությունների բոլոր նրբություններին ու հնարավորություն կունենան իրենց ուրույն տեղը գտնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

Նախատեսվում է, որ մինչև ծրագրի ավարտը Գյումրիում 1500 և Վանաձորում 1250 ուսանողներ հնարավորություն կունենան համապատասխանաբար մասնակցելու 6500 և 5000 ժամ տևողությամբ դասընթացների: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագրին աջակցում են Համաշխարհային բանկը և ՀՀ կառավարությունը։ Նպատակը հստակ է՝ կարճ ժամկետում պատրաստել ՏՏ ոլորտի մասնագետներ, ովքեր խթան կհանդիսանան, որպեսզի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններ ստեղծվեն տարածաշրջանում, ինչպես նաև ընկերություններն իրենց մասնաճյուղերն ունենան նաև մայրաքաղաքից դուրս՝ Գյումրիում և Վանաձորում: Ծրագրի նկատմամբ վստահությունը, սահուն մեկնարկն ու ուսանողների ակտիվ և առաջադեմ մասնակցությունը խոստումնալից է. այս երիտասարդները, մուտք գործելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ ոչ միայն շրջանցում են գործազրկության ռիսկը, այլև ուղակիորեն նպաստելու են աշխատատեղերի ստեղծմանը երկու խոշոր քաղաքներում։