Դիջիկոդ կիրառական ծրագրավորման մրցույթի գրանցման վերջնաժամկետը երկարաձգվել է

ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի հայտերի գրանցումը երկարաձգվել է մինչև 2016 թ. հունվարի 20-ը: Մրցույթին կարող են մասնակցել 7-17 տարեկան դպրոցականները: ԴիջիԿոդի շրջանակներում աշակերտները կաշխատեն Scratch (Աղվես) ծրագրավորման լեզվով և ստեղծված խաղերը կբեռնեն Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) կայք: Scratch-ը MIT-ի կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է, իսկ Աղվես-ը Scratch ծրագրի հայաֆիկացված և նոր մոդուլներով համալրված տարբերակն է, որը ռոբոտաշինության և ինժեներական խմբակ-լաբորատորիաների աշակերտները կիրառում են նաև ռոբոտներ ծրագրավորելիս:

Լավագույն խաղերի հեղինակներին սպասվում են դրամական պարգևներ, դասընթացներ, ճամբարի ուղեգրեր, սարքավորումներ, ռոբոտի դետալներ և ՏՏ ընկերությունում պրակտիկայի հնարավորություն: Մասնակցության հայտն անհրաժեշտ է լրացնել կայքում:

DigiCode_first contest

ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը անցկացվում է 2-րդ անգամ: Մրցույթը զարգացնում է դպրոցականների ալգորիթմային մտածողությունը, աշակերտների ստեղծագործականությունը, երաժշտական ճաշակը, օտար լեզուների իմացությունն ու շփման ունակություններրը: Սա նաև բացառիկ հնարավորություն է, երբ միավորվում են ծրագրավորմամբ հետաքրքրվող ոչ միայն Հայաստանի մարզերի, այլ նաև այլ երկրերի դպրոցականները և համատեղ խաղեր ստեղծում այնպիսի հեղինակավավոր ինստիտուտի կայքում, ինչպիսին է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT): Մրցույթը բացահայտում է նաև տաղանդավոր երեխաներին և պայմաններ ստեղծում հետագայում նորաստեղծ ընկերություններ ստեղծելու համար:

Նշենք, որ Դիջիկոդն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԻՏՁՄ)՝ «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: