Երևան Մոլում շարունակվում է «Ռոբոտների շքերթը», որը ներկայացնում է «Ռոբոտների կորպորացիա» ռուսական ընկերությունը: ittrend.am-ը ներկա է գտնվել ցուցադրությանն ու այժմ կներկայացնի շքերթի ամենաուշագրավ ռոբոտներին:
Այցելուներին դիմավորում էր ամերիկյան Բակսթեր ռոբոտը, որը կարողանում է կատարել պարզ արդյունաբերական առաջադրանքներ` կրկնելով մարդկային շարժումները: Ռոբոտն ունի տեսախցիկներ ձեռքի և դեմքի վրա, որոնք ֆիքսում են շարժումները, բացի այդ` դրանց միջոցով ռոբոտը չի վնասում իր կողքին կանգնած մարդկանց:
Իսկ Սմուզի ռոբոտը պատրաստվել է Իռլանդիայում, այն հեծանիվ է, միաժամանակ նաև բլենդեր, որն աշխատում է ոտնակների շարժմանը զուգահեռ:
Ռոբոտների շարքում է անգլիական մարդանման Տեսպիան հանրահայտ ռոբոտը, որն աշխարհում ամենաժամանակակից և էմոցիոնալ ռոբոտներից մեկն է: Ռոբոտը կարողանում է ոչ միայն շփվել մարդկանց հետ, ընդօրինակել շարժումները, երգել, պարել, ծիծաղել, լաց լինել, անգամ կարդալ Շեքսպիր, որի շնորհիվ շատ անգամ մասնակցել է ժամանակակից թատերական ներկայացումներին: Նա նույնիսկ 2014թ. CeBit ցուցահանդեսի հանդիսավոր արարողության բացմանը հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Կամերոնի հետ: Տեսանյութում ռոբոտը պատասխանում է երեխաների այն հարցին, թե որտեղից է եկել:
Միջոցառմանը ներկայացված էր նաև փոքրիկ երգող ռոբոտ, որը երգում էր` արկղում մետաղադրամ գցելուց հետո:
Ցուցահանդեսում ժամը մեկ այցելուներին ողջունում էին պարող ռոբոտները.
Միջոցառմանը կային նաև մարտական ռոբոտներ, որոնք կառավարվում էին ջոյստիկների միջոցով.
Իսկ այս բարմեն-ռոբոտը, որը կարողանում է 30 տեսակի ըմպելիքի բաղադրատոմս հիշել, հյուրասիրում էր այցելուներին կոկտեյլներով:
«Ռոբոտների շքերթ»-ն առաջին անգամ տեղի է ունեցել Մոսկվայում, 2014թ. և դարձել ամենահաջողված ցուցահանդեսային նախագիծը Ռուսաստանի ողջ պատմության մեջ: Այնուհետև ցուցահանդեսը հյուրընկալվել է Սոչիում, Կրասնոդարում, Սանկտ-Պետերբուրգում, Մինսկում և Եկատերինբուրգում` ունենալով մեծ հաջողություն:
Միջոցառումն իր տեսակով նորություն էր Հայաստանում, սակայն կային կազմակերպչական մի քանի բացթողումներ, մասնավորապես` մի շարք ռոբոտներ սարքին չէին կամ լիցքավորված չէին և արդյունքում չէին մասնակցում ցուցադրությանը, կային նաև ռոբոտներ, որոնց մոտ բացակայում էր ռոբոտին ներկայացնող համապատասխան աշխատակիցը: