Հայկական ՏՏ ընկերությունները հանդիպել են շուրջ 70 դպրոցների աշակերտների հետ

«Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» կրթական նախաձեռնությունը կարճ ժամանակում հասցրել է երկխոսության հարթակ ստեղծել ՏՏ ոլորտի 26 ընկերությունների և հայաստանյան 70 դպրոցների միջև:

«Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» նախաձեռնությունը, որը մեկնարկել է տարեսկզբին, իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից: Ծրագրի նպատակն է, որպեսզի ՏՏ ոլորտի յուրաքանչյուր ընկերություն ընտրի առնվազն մեկ դպրոց և պարբերաբար հանդիպի աշակերտներին՝ նրանց շրջանում տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու և, առհասարակ, մասնագիտական կողմնորոշման հարցում օգնելու նպատակով: Ընկերության աշխատակիցները դպրոցականներին ներկայացնում են իրենց գործունեությունը, կիսվում հաջողության պատմություններով, ներկայացնում ՏՏ ոլորտի համաշխարհային միտումները, ինչպես նաև հյուրընկալում դպրոցականներին իրենց նորարար գրասենյակներում:

Նախաձեռնության նկատմամբ ՏՏ ընկերությունների հետաքրքրությունն այնքան մեծ է, իսկ հեռանկարներն այնքան տեսանելի, որ ընկերությունները պատրաստակամ են համագործակցել մեկից ավելի դպրոցների հետ:

Նախաձեռնությանն արդեն միացել են Արփինեթ, Բարվա, Դինամիկա, Արանեա, Նաիրի համընկերություն, Մոնիտիս, Ինստիգեյթ Դիզայն, Հրազդան համընկերություն, Ինստիգեյթ Ռոբոտիքս, Երևակ Տեխնոլոգիա, Էքսերգիա, Ինստիգեյթ ՈւԿ հիմնադրամ, Լևիաթան, Յուքոմ, Նեյշնլ Ինսթրումենթս, Մակադամիան, Ինստիգեյթ Մոբայլ, Պրոքսիմուս, Նյու Պասկալ, Ագնիան, ԲիոԱրտ, ՎՕԼՕ, ՎԵԲ, Ֆայմթեք, BitlisMen, SFL, XNTrends ընկերությունները:

Հայաստանում գործում է շուրջ 500 տեխնոլոգիական ընկերություն, և եթե յուրաքանչյուրն իր հովանու ներքո վերցնի առնվազն 1 դպրոց, ապա ընդամենը մի քանի տարի անց կբազմապատկվի արդի աշխարհայացքով, ստեղծարար արժեքներով և հաստատակամ երիտասարդների թիվը, ովքեր կդառնան նոր հզոր մտածողության կրողներ և տարածողներ: