Հաստատվել է ՏՏ ոլորտի խթանմանն ուղղված ծրագիրը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Գործադիրը հաստատել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2016թ. ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների իրականացման ժամանակացույցը:

12296_am_2

Ծրագրի ընդունման և իրականացման նպատակն է աջակցել Հայաստանում տեղեկատվական, գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած, համաշխարհային ճանաչում ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացմանը:

Ծրագրի իրագործման արդյունքում, մասնավորապես, ակնկալվում է՝ ՏՏ ոլորտի զարգացման միտումների վերլուծություն ու մարտահրավերների ուսումնասիրություն, ոլորտի նվաճումների ներկայացում, ոլորտի զարգացման խթանման, ներկայացման և առաջմղման համար մեխանիզմների մշակում, ՏՏ ոլորտի վարչական վիճակագրական ռեգիստրի արդյունավետ վարում, ՏՏ ոլորտի մասնագիտական կարողությունների զարգացում, մասնավորապես, հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի բնականոն գործունեության ապահովում, դասընթացների, սեմինարների և այլ միջոցառումների կազմակերպում, «Մայքրոսոֆթ», «ԱյԲիԷմ» և այլ վերազգային ընկերությունների հետ կարողությունների զարգացման և այլ համատեղ ծրագրերի իրականացում: