topdoctors.am կայքը թույլ կտա հիվանդներին կիսվել բժիշկների հետ ունեցած իրենց փորձով (հարցազրույց)

topdoctors.am-ի թիմը

topdoctors.am հայկական կայքը, որը գործում է արդեն 3 ամիս, հնարավորություն է տալիս հիվանդներին հանրության հետ կիսվել բժիշկների հետ ունեցած իրենց փորձով: Կայքի ստեղծման, զարգացման հեռանկարների շուրջ ittrend.am-ը զրուցեց կայքի համահիմնադիր Նորայր Ամիրխանյանի հետ:

– Ուսումնասիրելով կայքը` պարզ դարձավ, որ կան բժիշկների անուններ, որոնց մասին շատ օգտատերեր կարծիք են գրել, սակայն տվյալ բժիշկը դեռևս գրանցված չէ կայքում և չի հաստատել իր էջը, այսինքն` բժիշկը չի տեղեկանում, թե ինչ կարծիքներ են գրում օգտատերերն իր մասին և բնականաբար չի կարող պատասխանել դրանց հարկ եղած ժամանակ: Ինչպես եք լուծում այս խնդիրը:

– Դուք իրավացի եք, այստեղ մենք ունենք իրազեկման խնդիր: Սակայն դա մենք փորձում ենք լուծել ոչ թե բժիշկ առ բժիշկ մոտենալով, այլ նախագծի ընդհանուր առաջխաղացմամբ: Որպես օրինակ` նշեմ մեր համագործակցությունը Նորմեդ, Էնդովիժն և CMS կլինիկաների հետ, որտեղ հիվանդներին տրամադրելու են այցեքարտ` խրախուսելով նրանց գնահատել իրենց բժիշկներին: Ինչպես նաև փակցնելու ենք sticker-ներ: Այդ աշխատանքներն ընթացքի մեջ են: Մենք փորձելու ենք նման համագործակցություն հաստատել բոլոր կլինիկաների հետ:

topdoctors.am-ի թիմը
topdoctors.am-ի թիմը

– Այս պահին կայքում քանի՞ օգտատեր և բժիշկ է գրանցված։

– Այս պահին կայքում կան 18 գրանցված բժիշկ, 186 գրանցված օգտատեր և 609 բաժանորդագրություն:

– doctors.am կայքում կա մի օգտակար գործիք, որն թույլ է տալիս հարց ուղղել կոնկրետ բժշկի և ստանալ պատասխան, չե՞ք պատրաստվում արդյոք ավելացնել նման հնարավորություն ձեր կայքում:

– Նման գործիք մենք էլ ենք տրամադրում, սակայն հարց կարելի է ուղղել միայն գրանցված բժիշկներին, ովքեր ցանկանում են ստանալ հաղորդագրություններ:

– Արդյո՞ք պատրաստվում եք հետագայում ընդլայնվել և հասանելի դարձնել հարթակը նաև այլ երկրներում:

– Իհարկե, դա շատ ցանկալի է: Սակայն համակարգը դեռ պետք է կայանա Հայաստանում, այնուհետև արդեն կարող ենք մտածել ընդլայնվելու մասին:

– Համագործակցու՞մ է արդյոք կայքը բժիշկների ու բուժհաստատությունների հետ, և ընդհանրապես ինչպիսին է բժիշկների կարծիքը ձեր նախաձեռնության մասին:

– Ինչպես նշեցի, մենք համագործակցում ենք Նորմեդ, Էնդովիժն և CMS կլինիկաների հետ: Կան բժիշկներ, ովքեր խրախուսում են մեզ: Բնականաբար, կա և հակառակը, որը սպասելի է: Ոչ մի բժիշկ չի ցանկանա, որ իր մասին բացասական կարծիք գրեն: Սակայն, անկախ բժշկի կամքից, իրենց մասին հիվանդները կարծիքներով կիսվում են հարազատների, բարեկամների հետ: Մենք ուղղակի հնարավորություն ենք տալիս այդ մարդկանց կիսվել իրենց կարծիքներով մարդկանց ավելի լայն շրջանակի հետ:

Մենք նաև ստացել ենք խնդրանք մի բժշկից, որ իր մասին տեղեկությունները հեռացնենք կայքից: Ես ցավում եմ, որ նման խնդրանք-պահանջներ դեռ էլի կլինեն, սակայն մենք նորից ստիպված ենք լինելու մերժել: Մենք անօրինական ոչինչ չենք անում` տրամադրելով հիվանդներին հարթակ, որտեղ նրանք կարող են տեղադրել իրենց ասելիքը:

– Ինչպես նշել էիք հարցազրույցներից մեկում, պատրաստվում եք բջջային հավելված մշակել, որը համալրված կլինի բոլորովին այլ նոր հնարավորություններով: Կբացե՞ք փակագծերը:

– Նման պլաններ կան: Սակայն դեռ վաղ է խոսել այդ մասին: Դեռ հստակ timeline չունենք բջջային հավելվածի մշակման համար:

Հայաստանի բժիշկների վերաբերյալ կարծիքների շտեմարան   Topdoctors.am

–  Ի՞նչ բարդությունների է հանդիպել ստարտափը ստեղծման ընթացքում, եթե հնարավոր է, կիսվեք փորձով: Եվ ինչ դասեր կարող են քաղել նոր ստարտափները ձեր փորձից:

– Ստարթափ ասելով` ես հասկանում եմ ընկերություն, որը նոր է, ունի պրոդուկտ և ֆինանսավորման աղբյուրներ: Ցավով պետք է նշեմ, որ մենք չունենք ֆինանսավորում, և այն աշխատանքը, որ ներկայում անում ենք, մեր աշխատանքից դուրս ժամերին է, մեր ոգևորվածության հաշվին: Հույս ունենք, որ նման նախագծով կարող ենք նպաստել առողջապահության ոլորտում սպասարկման որակի լավացմանը, օգնել հիվանդներին խուսափել վատ մասնագետների ձեռքն ընկնելուց: Մենք դեռ ճանապարհի սկզբին ենք: Կան մարդիկ, որ ասում են այս նախագիծը չի աշխատելու: Պետք է չհիասթափվել նման կարծիքներից և շարունակաբար ու համառությամբ շարժվել առաջ: