Մեր օրերում, երբ գիտությունն ու տեխնիկան զարգանում են աննախադեպ արագընթաց քայլերով, դեռևս կան անբուժելի համարվող հիվանդություններ, որոնց գոյության փաստն ակնհայտ է, իսկ պատճառներն ու վաղ փուլում հայտնաբերելու հնարավորությունը` անհայտ:
Բիոսկոպ. սա սարք է, որի հայտնագործումը թույլ է տալիս հեռահար կերպով գնահատել կենսաբանական համակարգի վիճակը, կանխորոշել տարբեր հիվանդությունների սկիզբը, և, հետևաբար, բուժել դրանք առաջացման սկզբնական փուլում:
ԳԱԱ Ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնական Ռաֆիկ Սարգսյանի այս հայտնագործությունը հիմք դարձավ, որպեսզի 2010 թվականին նա հիմնադրի «ԲԻՈԱՐՏ» ընկերությունը, որի գործունեությունը կապված է գիտական սարքավորումների, համակարգչային ծրագրային փաթեթների մշակման և նոր կենսա-բժշկական սարքավորումների արտադրության հետ: Ընկերության մասնագետներից (կենսաբաններ, ֆիզիկներ և ծրագրավորողներ) երկար ժամանակ պահանջվեց Բիոսկոպը ներկայիս կիրառելի չափերին հասցնելու և դրա համար համապատսխան ծրագրային լուծում ապահովելու համար:
Սարքի մի մասը կարելի է ամրացնել մարմնի որոշակի հատվածի և կրել անգամ քնած ժամանակ: Օրգանիզիմից եկող ինֆորմացիան հավաքագրվում է փոքրիկ սարքում, որը հնարավոր է պահել անգամ գրպանում ու 24-ժամյա գրանցում կատարել: Այնուհետև ստացված ինֆորմացիան մուտքագրվում է համակարգիչ և համապատասխան ծրագիրն արդեն կատարում է իր վերլուծությունը:
Սարքի արդյունավետությունը ստուգելու համար առաջին փորձերն արվել են կենդանիների վրա: Մկներին վարակել են ուռուցքով և սարքի միջոցով գրանցել նրանց օրգանիզմից եկող ազդակները: Արդեն 3-րդ օրը կենդանիների մի մասի մոտ պիրկ է առաջացել: Փորձի արդյունքում պարզվել է, որ կենդանիներից որոշներն առողջացելեն և սատկել են միայն նրանք, որոնց մոտ առաջացել էր պիրկը: Սա փաստում է, որ անգամ հիվանդության 3-րդ օրը, որը շատ վաղ շրջան է ախտորոշման համար, կարելի է պարզել կենդանին կսատկի, թե կվերականգնվի:
Նմանատիպ մի փորձ կատարվել է նաև հավի ձվերի ինկուբացիայի հետ կապված: Բիոսկոպի միջոցով արդեն 7-8 -րդ օրը հնարավոր է եղել պարզել, թե 21-րդ օրը դրված ձվերից քանիսից ճուտ դուրս կգա: Փաստորեն, սարքը հնարավորություն է տալիս շատ վաղ պարզել, թե ձվերից քանիսն են անիմաստ պահվում և ժամանակին փոխարինել դրանք: Ստացվում է, որ այն, բացի բժշկականից, ունի նաև կիրառական նշանակություն:
Բիոսկոպի առանձնահատկությունն այն է, որ այն կարողանում է գրանցել կենսաբանական համակարգերի շուրջ առկա դաշտի փոփոխությունը: Ինչպես պնդում են ընկերության մասնագետները` բոլոր փորձերի պարագայում էլ սկզբում փոխվում է կենսաբանական համակարգի շուրջ ստեղծված դաշտը և հետո միայն առաջանում հիվանդությունը:
Փորձերի արդյունքները թույլ են տվել ենթադրել, որ սարքը կարելի է կիրառել նաև մարդկային տարբեր հիվանդությունները կանխորոշելու նպատակով: Դա իրականացնելու համար Բիոարտ ընկերությունն այս պահին տվյալների անհրաժեշտ բազայի կարիք ունի: Համապատասխան մասնագետներն առաջիկայում կայցելեն բժշկական հաստատություններ և սարքով կգրանցեն տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց, այնուհետև`առողջներին և կհամեմատեն գրանցված ազդանշանների տարբերությունները: Հավաքագրված ալիքները թույլ կտան ստանալ միջինացված ալիք, և, ըստ այդմ հասկանալ` մարդն առողջ է, թե հիվանդ: Որքան շատ մարդկանց տվյալներ լինեն, այնքան հավանականությունը մեծ է, որ ախտորոշումը կլինի ճշգրիտ: Հավաքագրված ինֆորմացիայից մասնագետները պետք է կարողանան եզրակացություններ անել կոնկրետ հիվանդությանների և դանց զարգացման փուլերի հետ կապված, որն արդեն արվում է բիոսկոպի համար մշակված հատուկ համակարգչային ծրագրի միջոցով:
Աշխատանքի այս փուլում ընկերության մասնագետներն առավել ուշադրություն են դարձնում այն հիվանդությունների հայտնաբերմանը, որոնցից շատ է մահացությունը և որոնք առավել ուշ փուլերում են ախտորոշվում` ուռուցքներ, սրտանոթային հիվանդություններ և այլն:
Բիոարտի հիմնադիր Ռաֆիկ Սարգսյանը վստահեցնում է, որ իրենք ամբողջությամբ հիմնվում են գիտական բազայի վրա և անգամ մարդկանց ու կենդանիների էներգետիկ դաշտը զգալու գործընթացը ոչ թե միստիկ, այլ գիտական հիմնավորում ունի:
Զրուցեց Արևիկ Չափարյանը