«Այբ» դպրոցի ռոբոտիկայի խմբակը ապրիլի 7-ից 9-ը ԱՄՆ-ի Մարիոն քաղաքում անցկացված հեղինակավոր միջազգային «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (National Robotics Challenge) մրցույթից տուն է վերադառնում արծաթե մեդալով և «Honda Innovation Award» հեղինակավոր մրցանակով: «Այբ» դպրոցի սաները հերթական անգամ պատվով ներկայացրին Հայաստանը միջազգային կրթական ասպարեզում:
«Այբ»-ի ռոբոտիկայի խմբակը մի քանի ամիս շարունակ զօրուգիշեր պատրաստվում էր ԱՄՆ-ում անցկացվելիք ամենազանգվածային միջազգային հանրաճանաչ «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (ՌԱՄ) մրցույթին: Ավելի քան 1.300 մասնակից և ավելի քան 400 ռոբոտ էին ներկայացված ՌԱՄ 2016-ին, որն այս տարի տոնում էր իր 30-ամյակը: «Այբ»-ի երեխաները մրցույթին ներկայացել էին իրենց սումո ռոբոտով, և մրցույթին ներկայացած թիմերի մեջ մեծ թիվ էին կազմում հենց «Սումո ռոբոտ» անվանակարգում մրցողները: Հազարավոր հանդիսատեսների աչքի առաջ մեր ռոբոտը երկու օր շարունակ մարտի մեջ էր այլ ավագ դպրոցների և քոլեջների ներկայացրած ռոբոտների հետ: «Այբ»-ի ռոբոտը հաղթել է այնպիսի թիմերի, որոնք տարիներ շարունակ մասնակցել են այս մրցույթին՝ մրցանակ շահելու հույսով: Եղել են անգամ թիմեր, որոնք հրաժարվել են մրցել մեր սումոյի հետ՝ ասելով, որ «իրենց ռոբոտը դեռ պետք է իրենց»:
«Այբ»-ի ռոբոտիկայի խմբակի ղեկավար Վազգեն Գաբրիելյանի խոսքով՝ մրցույթի մասնակիցներն ու հյուրերը հիացած էին հայկական թիմի սումո ռոբոտով ու դրա վրա կատարված աշխատանքի ծավալով: «Բոլորը հերթով մոտենում էին մեզ ու խնդրում ռոբոտին ձեռք տալ, նկարվել հետը: Մարդ չկար ամբողջ մրցման վայրում, որ չիմանար՝ մենք ով ենք: Բոլորի ուշադրության կենտրոնում մենք էինք և մեր ռոբոտը: 10-ից ավելի ուսուցիչներ մոտեցան մեզ ու ասացին, որ ԱՄՆ-ում չգիտեն այնպիսի դպրոց, որն «Այբ»-ի ռոբոտաշինության մակարդակն ունենա»,- պատմում է Վազգենը:
Ayb Robotics TeamԵվ այսպես՝ արծաթե մեդալ, պատվավոր երկրորդ տեղ և «Honda Innovation Award» հեղինակավոր մրցանակ: Ի դեպ, «Հոնդա» ընկերության 60 ներկայացուցիչ միաբերան հիացմունք էին արտահայտում մեր թիմի կատարած աշխատանքի շուրջ, և մեր թիմը միակն էր, որին խնդրեցին լուսանկարվել իրենց հետ «Հոնդայի» տաղավարում:
Սրտանց շնորհավորում ենք մեր թիմին՝ ի դեմս Վազգեն Գաբրիելյանի, այս փայլուն հաղթանակի համար: Կեցցե՛ք, տղաներ՝ Սիմոն, Օնիկ, Ասպետ, Ռաֆիկ, Արեգ, Արեգ Կ., Ֆելիքս և թիմի մյուս անդամներ, որ անքուն գիշերներ եք անցկացրել այս մրցանակները Հայաստան բերելու համար:
«Այբ»-ի ռոբոտիկայի խմբակը գործում է 2011 թ.-ից: «Այբ» դպրոցի ռոբոտիկայի լաբորատորիայի և դպրոցին կից բացված ֆաբլաբի (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ստեղծած արտադրական լաբորատորիայի) հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, առանց որի աջակցության հնարավոր չէր լինի մեր դպրոցականների ակտիվ մասնակցությունը բազմաթիվ միջազգային մրցույթների ու մրցաշարերի:
«Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» մրցույթն առաջին անգամ անցկացվել է 1986 թ.-ին և համարվում է աշխարհում ռոբոտաշինության ամենաերկարակյաց մրցույթը: Այն բաղկացած է 12 անվանակարգերից՝ սումո ռոբոտ, մինի-սումո ռոբոտ, փրկարար ռոբոտ, ռոբո հոքեյ, լաբիրինթոս անցնող ռոբոտ և այլն: Մրցույթին կարող են մասնակցել անհատներ կամ թիմեր տարրական, միջին, ավագ դպրոցներից և քոլեջներից: Մրցույթի գլխավոր հովանավորն է «Հոնդա» ընկերությունը: