Dasaran-ը նախաձեռնում է Հայաստանի՝ Intel ISEF մրցույթին մասնակցության գործընթացը

Մայիսի 9-ից 12-ը ԱՄՆ Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքում տեղի կունենա Ինտել ընկերության հովանավորությամբ անցկացվող աշխարհում ամենահեղինակավոր դպրոցական մրցույթը, որի լավագույն մասնակիցներից 7-ը Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են։ Մրցույթին Հայաստանի մասնակցության գործնթացը նախաձեռնելու նպատակով Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը և «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի համահիմնադիր Հովհաննես Ղազարյանը մայիսի 2-ին կմեկնեն ԱՄՆ:

Մրցույթին Հայաստանի ներգրավումը հնարավորություն կտա հայ աշակերտներին` ներկայացնելու աշխարհին “STEM” (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ոլորտներում իրենց նորարար նախագծերը։ Սա առաջին հերթին կնպաստի Հայաստանում “STEM” կրթության զարգացմանը՝ ժամանակակից աշխարհի պահանջներին համահունչ:

Dasaran-ի թիմը նաև հրավեր է ստացել մասնակցելու մայիսի 5-8-ը Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում նահանգային մակարդակով անցկացվելիք մրցույթին։ Մասնակցության նպատակն է տեղում հանգամանալից ծանոթանալ «Ինտել բնագիտական և ճարտարագիտական մրցույթի» անցկացման կանոններին և ընթացակարգերին:

Ինտել միջազգային մրցույթին մասնակցելու հնարավորություն ստանալու համար առաջին հերթին անհրաժեշտ է այն անցկացնել ազգային մակարդակով։ Դրա արդյունքների հիման վրա լավագույնները հնարավորություն կստանան մասնակցել միջազգային մակարդակով անցկացվող մրցույթին:

Դպրոցականների շրջանում ազգային մակարդակով «Ինտել բնագիտական և ճարտարագիտական մրցույթն» իրականացվում է տարեկան ավելի քան 75 երկրներում: Մրցույթի այս փուլին մասնակցում է շուրջ 7 միլիոն աշակերտ:

Եզրափակիչ փուլին, որը սովորաբար անց է կացվում ԱՄՆ-ում, մասնակցում է լավագույն նախագծեր ներկայացրած շուրջ 1700 դպրոցական: Մրցանակային ֆոնդը կազմում է 4 միլիոն ԱՄՆ դոլար, որի մեջ ներառված են 75 հազար ԱՄՆ դոլարի չափով մեկ և 50 հազար ԱՄՆ դոլարի չափով երկու կրթաթոշակ:

Հայաստանը, որը երբեք ներկայացված չի եղել «Ինտել բնագիտական և ճարտարագիտական մրցույթին», Dasaran-ի նախաձեռնությամբ և ակտիվ միջնորդությամբ հնարավորություն կունենա համալրել մրցույթի մասնակից երկրների շարքը:

Այցի ընթացքում նախատեսվում է ձեռք բերել պայմանավորվածություն, ըստ որի՝ մրցույթի անցկացման գործում հմտացած ամերիկյան մասնագետների խումբը կհրավիրվի Հայաստան ուսուցիչների, հայաստանյան մրցույթի ժյուրիի անդամների համար թրեյնինգներ անցկացնելու, ինչպես նաև նախագծահեն կրթության առավելությունների վերաբերյալ իրենց փորձը ներկայացնելու նպատակով: