Ucom-ի աջակցությամբ ՀՊՏՀ-ում այսօր գործարկվել է ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցված QR գրադարան: Մեկ մետր տրամագծով և 260 սմ բարձրությամբ գլանաձև գրադարանն իրենից ներկայացնում է պտտվող կոնստրուկցիա, որի վրա պատկերված են բուհի էլեկտրոնային գրադարանում առկա էլեկտրոնային տարբերակները՝ համապատասխան QR կոդերով: Ուսանողները սմարթֆոնների համար նախատեսված “QR reader” հավելվածի միջոցով հնարավորություն ունեն անմիջապես ներբեռնել գրքերի PDF տարբերակներն իրենց հեռախոսների կամ այլ սարքերի մեջ և գրադարաններում ժամեր շարունակ անցկացնելու փոխարեն սովորել իրենց անհրաժեշտ նյութերը ցանկացած հարմար վայրում: Բացի այդ՝ QR գրադարանում ընդգրկված են այնպիսի ուսումնական նյութեր և ձեռնարկներ, որոնք շատ հաճախ հնարավոր չէ գտնել գրադարաններում:
«Թվային այս ժամանակաշրջանում շատ կարևոր է քայլել զարգացումներին զուգընթաց: Մեր այսօրվա երիտասարդությունը կարիք ունի նոր գաղափարների և մենք, աջակցելով այդ գաղափարներին, պետք է նպաստենք մեր երիտասարդների կրթությանն ու զարգացմանը», — նշել է Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Բացի գրադարանի կառուցումից՝ Ucom ընկերությունը բուհի տարածքում ապահովվել է նաև Wi-Fi ծածկույթ: