Օրերս Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնում ներկայացվեց Narinj.am կայքը, որը թույլ է տալիս առցանց պատվիրել տնական ուտեստներ:
Հարթակի ստեղծողները փորձել են միավորել խոհարարներին, ովքեր առողջ և համեղ սնունդ են պատրաստում, սակայն լայն զանգվածներին ներկայացնելու և առաքելու խնդիր ունեն: Հարթակի միջոցով Երևանում ցանկացած անհատ կամ կազմակերպություն հնարավորություն է ունենում ամենատարբեր ուտեստներ պատվիրել անմիջապես խոհարարներից:
Narinj.am-ի ներկայացուցիչ Գոռ Հովսեփյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ կայքում առաջարկվող ուտեստների ցանկում կա արագ պատրաստվող տեսականի՝ նախատեսված հատկապես աշխատանքային ընդմիջումների համար։ Կայքի միջոցով հնարավոր է նաև նախապես պատվիրել հյուրընկալության յուրահատուկ և տնական սեղան:
Գոռ Հովսեփյանի խոսքով՝ առաջիկայում հարթակից հնարավոր կլինի օգտվել նաև բջջային հավելվածի միջոցով։