Տեխնոլոգիաները նոր դարի մարտական հաջողությունների կեսն են: Տեխնոլոգիական հաջող լուծումներով հնարավոր է ոչ միայն հաջողության հասնել մարտական գործողություններում, այլ նաև խուսափել մարդկային զոհերից: Հայաստանում թեև ռազմական արտադրություն, առավել ևս արդյունաբերություն չկա, սակայն կան մի շարք ընկերություններ, որոնց տեխնոլոգիական նորարարությունները կարող են հիմք դնել ռազմական արտադարությանը: itTrend.am-ը շարունակում է բացահայտել այն ՏՏ ընկերությունները, որոնք նորարար լուծումներ են առաջարկում ռազմական ոլորտի համար: Այս անգամ զրուցել ենք Locator ընկերության սեփականատեր Տիգրան Հարությունյանի հետ:
2007-ին հիմնված ընկերության գործունեության հիմնական ուղղությունը համակարգերի ավտոմատացումն է: Այն ունի նաև շտապ օգնության մեքենաների համար մշակած ԾԱ, հակակարկտային կայաններ ու շարժական օբյեկտների մոնիթորինգային ծառայությունն(GPS tracking):
2015-ի DigiTech Expo ցուցահանդեսին Locator-ը ներկայացրել էր մի սարք, որով հնարավոր է հեռահար կրակ վարել հեռակառավարման վահանակի միջոցով: Մենք տեղեկացանք` արդյոք ընկերության այդ կամ այլ լուծումները տեղ են գտել Հայաստանի պաշտպանության նախարարության մարտական սարքավորումների շարքում և պարզեցինք, թե որոնք են հայկական ռազմական արտադրության ստեղծման հիմնական խնդիրները:
-Ո՞ր երկրների հետ եք համագործակցում, ի՞նչ ծառայություններ եք մատուցում արտասահմանում: Պատվերներ ունե՞ք այժմ:
— Ռազմական ոլորտի սարքավորումների գծով մենք չունենք համագործակցություն որևէ արտասահմանյան կազմակերպության հետ, սակայն մեր այլ ծառայությունների գծով համագործակցում ենք Մալթայի, ՌԴ-ի և այլ պետությունների հետ: Հիմնականում դա կապված է տարբեր համակարգերի ավտոմատացման հետ:
— Պաշտպանության նախարարությունն արդյո՞ք հետաքրքրված է ձեր արտադրանքով:
— Մենք նախարարության հետ համագործակցում ենք և շատ գոհ ենք մեզ տրամադրած աջակցության համար: Դեռևս չի եղել այնպիսի դեպք, երբ դիմենք նախարարությանն ու չստանանք դրական պատասխան, սակայն որպես այդպիսին մեր ընկերությունը առայժմ չունի ռազմական արտադրություն:
— Ռազմական արտադրություն կազմակերպելու ի՞նչ մեխանիզմներ կան:
— Ընդհանրապես ռազմական սարքավորումների նկատմամբ պահանջները բավականին խիստ են, բազմաթիվ և դժվար իրացվելի: Մեր կազմակերպությունը կարողանում է պարզապես հաջող լուծումներ առաջարկել տեխնիկայի ավտոմատացման ոլորտում, սակայն ասել, որ մեր նախագծած սարքավորումները կհայտնվեն մարտի դաշտում և կլուծեն որևէ մարտական խնդիր, ճիշտ չէ, բայց այն ունի նման խնդիրներ լուծելու պոտենցիալ: Այստեղ հարց է առաջանում, իսկ այդ սարքավորումը արդյո՞ք անհարժեշտ է մեր բանակին, թե ոչ: Մենք չգիտենք այդ հարցի հստակ պատասխանը:
Իսկ նման խնդիրներ առաջադրելու համար կան բազմաթիվ մեխանիզմներ, օրինակ` ԱՄՆ-ն ունի իր ռազմական խնդիրները լուծելու մի հետաքրքիր փորձ:
Ամերիկացիները դրամաշնորհներ են սահմանում որևէ խնդրի լուծման համար: Այստեղ խոսքը գնում է, իհարկե, բավականին մեծ գումարների մասին, որպեսզի մասնավոր կազմակերպությունները շահագրգռված լինեն իրենց միջոցներով ռիսկի դիմել և փորձել լուծել տվյալ խնդիրը` ստեղծելով անհրաժեշտ պրոդուկտը: Այս պարագայում խնդիրն առաջադրողը շահում է, քանի որ նա չի ծախսում գումար նախնական նմուշ ստեղծելու վրա, այլ այդ բեռն իր վրա է վերցնում այն անհատը կամ կազմակերպությունը, որը ցանկանում է շահել այդ դրամաշնորհը:
Ռազմական խնդիրները լուծելու մեկ այլ մեխանիզմ է համապատասխան հանձնաժողով ունենալը, որը բաղկացած է լինում ինժեներներից, գիտնականներից և ոլորտի այլ գործիչներից, ովքեր, տեսնելով Ձեր ստեղծած սարքավորումը, որը բավականին նորարար է և կարող է լուծել բանակի առջև ծառացած որևէ խնդիր, ֆինանսավորում են` այդ սարքավորումը կատարելագործելու և վերջնական պրոդուկտ ստանալու համար: Այս մոդելը նույնպես կիրառվում է ԱՄՆ-ում, որը կոչվում է «DARPA», և լավ խթան է նորարար լուծումներ առաջարկողների համար:
— Ըստ Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանում մրցունակ ռազմական նշանակության սարքեր արտադրելու համար, որոնք կկարողանան լուծել ոչ միայն մեր ՊԲ—ի առջև դրված խնդիրները, այլև կզարգացնեն ռազմական արդյունաբերությունը և, ինչու ոչ, կարտահանվեն այլ երկրներ:
— Ըստ իս՝ Հայաստանում ռազմական արտադրության խնդիրն առաջադրված խնդիրների բացակայությունն է: Այսինքն` որպես այդպիսին խնդիրները կան, սակայն խնդիրների լուծումն իր վրա ընդունող մարմինը և ձևակերպողը չկա:
Հայաստանի պարագայում ես տեսնում եմ մի կարևոր կետ, որը մենք չենք օգտագործում հօգուտ մեզ. դա մեր երկրի պատերազմական վիճակն է:
Ցանկացած սարքավորում, զենք և ռազմական արտադրանք մինչև ռազմական գործողություններում կիրառվելը և դրանից հետո` դրանք լիովին տարբեր մակարդակի արտադրություններ են:
Այսինքն` զենքը, որը չի կիրառվել որևէ ռազմական գործողությունների ժամանակ, գտնվում է անհամեմատ ավելի ցածր գնային սեգմենտում և դրա հանդեպ պահանջարկը այդքան էլ մեծ չէ, իսկ այն զենքը, որը կիրառվել է ռազմական գործողություններում և արդարացրել իրեն` լիովին այլ, ավելի մեծ պահանջարկ է վայելում զենքի շուկայում:
Երբ զենքը անցնում է ռազմական գործողություններով, ապա, ռուսերեն ասած, այն ստանում է «боевое крещение»:
Բերեմ այսպիսի օրինակ. այն ԱԹՍ-ները, որոնք Ադրբեջանը կիրառեց ապրիլյան պատերազմի օրերին, այժմ ավելի թանկ արժեն, քան մինչ այդ կարճատև պատերազմում կիրառվելը, իսկ մենք ունենք այն ներուժը, մասնավորապես, ինժեներիայի և ՏՏ ոլորտում, որպեսզի կարողանանք ստանալ մրցունակ ռազմական արտադրանք:
https://www.youtube.com/watch?v=kQAfkxXR63M
— GPS և GLONASS, այս երկու անվանումները միևնույն ծառայության ամերիկյան և ռուսական տարբերակներն են: Ձեր ընկերությունը զբաղվում է նաև տեղորոշման և երթուղիների կառավարման սարքերի արտադրությամբ, որոնք աշխատում են այս համակարգերով: Ըստ Ձեզ՝ այս երկու համակարգերի միացյալ կիրառումը ռազմական տեխնիկայի մեջ բավակա՞ն է այն հակառակորդի համար անխոցելի դարձնելու համար, թե՞ անհարժեշտ են նաև այլ համակարգեր:
— GPS-ն ու GLONASS-ն աշխատում են միևնույն ալգորիթմով, որոնք թույլ են տալիս արբանյակային կապի միջոցով շատ մեծ ճշտությամբ տեղորոշել անձանց կամ օբյեկտների գտնվելու վայրը: Սակայն այս ճշգրտության հետ մեկտեղ տվյալ համակարգերը շատ խոցելի են և դրանց ազդանշանը հնարավոր է ճնշել այլ ավելի ուժեղ ազդանշանի միջոցով:
Հիմնականում բոլոր տեսակի թռչող սարքրերում լինում են որևէ այլընտրանքային նավիգացիոն համակարգեր` իներցիոն կամ ծրագրային: Սակայն այդ համակարգերը մի քանի անգամ զիջում են իրենց տրամադրած ինֆորմացիայի ճշտությամբ GPS-ին և GLONASS-ին: Բացի այդ`այդ համակարգերի մյուս թերությունը դրանց սխալանքի տոկոսի անընդհատ ավելանալն է:
Այս այլընտրանքային համակարգերը կիրառվում են միայն այն ժամանակ, երբ GPS և GLONASS համակարգերը անհասանելի են դառնում: Դրանք օգնում են սարքավորումը ետ բերելու հարցում, երբ վերոնշյալ համակարգերը չեն կարող դա անել և այդպիսով կանխում սարքավորման կորուստը: Այդպիսի համակարգերի ստեղծումը ծրագրային խնդիր է, որը վաղուց արդեն լուծվել է: Այստեղ խնդիրը այլ է` նախ նման համակարգերը բավականին թանկ են:
Նման համակարգեր կարող ենք ստացծել, սակայն արդյո՞ք մենք ցանկանում ենք, որ մեր սարքավորումները ունենան նման թանկարժեք նավիգացիոն համակարգ և արդյոք դա արդարացված է: Այստեղ պետք է պետական մոտեցում, քանի որ մասնավորը կարող է ստեղծել դա, սակայն կկիրառվի այն Հայաստանի Զինված ուժերում, թե ոչ, դա արդեն այլ հարթության խնդիր է: Այս բոլոր հարցերը պետք է համակարգել, և Պաշտպանության նախարարությունը պետք է հստակ խնդիրներ առաջարկի մասնավոր սեկտորին:
Պետք է գրավել այն կազմակերպություններին և անհատներին, որոնք հետաքրքված են ռազմական խնդիրների լուծմամբ, և այդ ժամանակ հնարավոր կլինի կազմակերպել հայկական ռազմական արդյունաբերությունը։
Զրուցեց Ալբերտ Աբրահամյանը