Օնլայն գնել նախընտրած ֆիլմի տոմսն, ընտրել նստատեղը, ծանոթանալ առաջիկա պրեմիերաներին ու փակ ցուցադրություններին, վիրտուալ շրջագայել կինոթատրոնում ու կարդալ նորություններ։ Սեպտեմբերի 10-ին գործարկվել է ԿինոՊարկ կինոթատրոնի կայքը` kinopark.am-ը:
Երևան Մոլի մարթեքինգի թվային նախագծերի մենեջեր Գոռ Ամիրյանը ittrend.am-ի հետ զրույցում ասաց, որ կայքի օնլայն վճարման համակարգը մշակվել է զրոյից, վճարումը հնարավոր է ArCa, Visa, MasterCard քարտերով, ինչպես նաև iDram համակարգերի միջոցով: «Կայքի դիզայնը հնարավորինս մինիմալիստական ու պարզ է, սակայն հետաքրքիր լուծումներ ունի: Կայքում կարելի է ընտրել ֆիլմերը` ըստ ժանրի ու նախընտրած ժամերի: Բացի այդ` կայքը մոբայլ-ֆրենդլի է, այսինքն` շատ հեշտ է օգտվել դրանից ցանկացած սարքով»,-ասաց Գոռը:
Օնլայն գնման դեպքում նախընտրած նստատեղերն ընտրելուց հետո պետք է ընտրել վճարման տարբերակը, վճարել, որից հետո ձեր էլ-փոստին կստանաք էլեկտրոնային տոմսը` համապատասխան QR-կոդով:
Kinopark.am-ն ունի նաև միջոցառումների մասին բաժին, որտեղ կարելի է տեղեկանալ սպասվող պրեմիերաներին, փակ ցուցադրություններին և այլ իրադարձություններին: Կինոթատրոնի տարածքով հնարավոր է նաև վիրտուալ շրջագայել, ինչը հնարավոր է դարձել 360 Stories-ի շնորհիվ:
Կինոթատրոնի ֆիլմացանկին կարելի է ծանոթանալ նաև Yerevan Mall հավելվածի միջոցով, որտեղ շուտով կվերագործակվի KinoPark բաժինը, որը ևս հնարավորություն կտա օնլայն տոմսեր գնելու:
Հ.Գ. Կայքի վերագործարկման առթիվ կինոթատրոնը անակնկալ է պատրաստել այցելուների համար. սեպտեմբերի 10-17-ը բոլոր նրանք, ովքեր նշված օրերին ցուցադրվող ֆիլմերի տոմսը կգնեն www.kinopark.am կայքից, կստանան ԿինոՊարկի բազմաթիվ նվերներից մեկը: Ցանկության դեպքում կինոթատրոնում կարող եք օգտվել համակարգչից ու տեղում օնլայն գնել տոմսը:
https://youtu.be/pb6AdkdPOas