
Հայատառ «.հայ» դոմենային գոտում արդեն գրանցվել է 316 կայք. այս մասին ittrend.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ցանցային տեղեկատվական կենտրոնի (AMNIC) ադմինիստրատոր, «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Աննա Կարախանյանը:
Այժմ դոմենային գոտին գտնվում է բաց գրանցման փուլում, բացառությամբ հայաստանյան գյուղերի ու քաղաքների անունների, որոնք գրանցելու պարագայում պահանջվում է ունենալ քաղաքապետի կամ գյուղապետի թույլտվությունը: Նշենք, որ դոմեյնը գրանցելու պարագայում հնարավոր է ունենալ էլ-փոստի հայատառ հասցե, օրինակ` anna@կարախանյան.հայ:
Կարախանյանի խոսքով` հայատառ գոտում շուտով կգործարկվեն նաև պետական մարմինների կայքերը, այս պահին կենտրոնը սպասում է հոսթինգային ծառայություն մատուցող ընկերության պատրաստ լինելուն:
«316 գրանցումների 53%-ը կազմակերպությունն են, իսկ 47-ը` ֆիզիկական անձինք, ի դեպ, գրանցումներ ունեցել ենք նաև արտասահմանից` մեկական գրանցում Ավստրալիայից, Լիբանանից, ԱՄՆ-ից, Կանադայից ու Մեծ Բրիտանիայից. գրանցող անձինք բոլորն էլ ազգությամբ հայ են»,-ասաց AMNIC-ի ադմինիստրատորը:
Նշենք, որ հայատառ կայքերի մի մասը վերահասցեավորվում են լատինատառ դոմեյնների վրա: Օրինակ` «դիջիթեք.հայ»-ը վերահասցեավորվում է digitec.am-ի վրա:
«Հայատառ տիրույթի հետաքրքիր գործող կայքերից են «վահե.հայ», «շտրիխկոդ.հայ», «դրամ.հայ», «մեդիակենտրոն.հայ», «ռեսո.հայ», «նաիրիան.հայ», «էջմիածին.հայ» կայքէջերը: Կա նաև «հարսանիք.հայ» կայքը, որը գրանցել էր ամուսնանալ պատրաստվող մի զույգ` իր հարսանիքից որոշ ժամանակ առաջ: Կայքում կարելի էր տեսնել` երբ և որտեղ է անցկացվելու հարսանյաց արարողությունը»,-պատմեց Աննա Կարախանյանը:
Հիշեցնենք, որ «.հայ» տիրույթում դոմենների առաջնային գրանցման փուլը տևել է մինչև 2016թ. հունվարի 31-ը, իսկ գոտին պաշտոնապես գործարկվել է 2016-ի մայիսի 4-ին: Առաջին իսկ օրը գոտում կատարվել է 93 գրանցում: