Հաջողության պատմություն. Globbing-ի հիմնադիր Դավիթ Հարությունյան

Հեռախոսի մոդելը` iPhone 6S Plus

Հաճախ օգտագործվող հավելվածը` Skype

Սիրելի հավելվածները` YouTube, PicsArt

Սոցցանցը` Facebook, Instagram

Բջջային խաղը` չի խաղում (20 տարի առաջ Nintendo-ով սիրում էր խաղալ տանկերի խաղը)

Հաջողության բանաձևը` երբեք չհանձնվել

 

Ով է Երևանի փողոցներով շրջող մոտոցիկլետով ընձուղտը: Ինչու հենց ընձուղտ, ինչու Globbing, ինչու Հայաստանում և ինչու առցանց:  ittrend.am-ը զրուցել է Globbing-ի հիմնադիր Դավիթ Հարությունյանի հետ:

Ինչպես սկսվեց ամեն ինչ

2013-ին նոր էի վերադարձել ԱՄՆ-ից. շատ նյարդայնացնող էր, որովհետև ինձ մեքենայի մաս էր հարկավոր, որն այստեղից պատվիրելու դեպքում կարժենար 450 դոլար ու հասնելու էր ինձ 3 ամիս հետո: Գնացի Վրաստան, ճշտեցի, որ այնտեղ նույնպես պետք է սպասել ևս երեք ամիս ու վճարել նույնքան, մինչդեռ ԱՄՆ-ում այդ մասը վաճառվում էր 70 դոլարով: Զգում էի ինձ աշխարհից կտրված, հասկանում էի, որ անհրաժեշտ է ինչ-որ ելք նախաձեռնել:

c32f18b5846cd1e57e9095acc47d4640f897aa1310dcfe2b66pimgpsh_fullsize_distr

Հարազատներիս դերը բիզնեսում

Երբ քննարկում էինք Գլոբբինգը ստեղծելու միտքը, կինս ասում էր` արտասահմանից հիմնականում հագուստ ենք պատվիրելու, բայց դա առանց փորձելու հնարավոր չէ: Այնուհետև պարզվեց, որ նույն գումարով կարելի է երեք անգամ ավելի շատ և անհամեմատ որակյալ հագուստ պատվիրել, քան հնարավոր է առկա խանութներից: Երբ եկան կնոջս արած առաջին պատվերները, դրանցից մի քանիսի չափսերը չէին համապատասխանում, բայց ամեն հաջորդ պատվերի հետ այս խնդիրն աստիճանաբար վերացավ:

Ընկերության հիմնադիրն ԱՄՆ-ում ես եմ, բայց կան շատ մարդիկ, ովքեր ինձ հետ միասին շատ ծանր աշխատել են, որպեսզի այսօր ունենանք այն, ինչ ունենք հիմա: Ներդրումները ներգրավել ենք արտասահմանից:

Քեշ փողի վիրտուալացումը

Երբ Գլոբբինգը նոր էր բացվել, քարտային վճարումների քանակը 20-30 % էր կազմում, իսկ այժմ այս ցուցանիշը հասել է 70 տոկոսի: Սա միգուցե կապված է բրենդի հանդեպ վստահության հետ, բացի այդ` հայերս շատ արագ ենք սովորում նոր տեխնոլոգիաներից օգտվել: Այս պահին ունենք 48 հազար գրանցված հաճախորդ. սա Հայաստանի համար մեծ թիվ է` հաշվի առնելով, որ գովազդային արշավ ոչ միշտ է եղել:

Առաջին վեց ամսում ֆեյսբուքյան մեր էջի հետևորդների թիվը հասել է 100 հազարի` առանց որևէ ակտիվ արշավների: Երբ գրասենյակը բացեցինք, և եղավ հաճախորդների առաջին հոսքը, ստիպված եղանք դադարեցնել բոլոր գովազդները, որպեսզի հասցնենք սպասարկումը:

Երկու ամսից Գլոբբինգը մուտք է գործելու Ռուսաստան, հաջորդ երկրների շարքում են Ղազախստանը, Բելառուսը: Մոտակա երեք-չորս ամիսների ընթացքում փաթեթները ստանալու համար սպասելու միջին ժամանակը, որն այժմ 3 րոպե է, կնվազի մինչև 2, իսկ մի քանի ամիս անց էլ կդառնա մեկ րոպե:

Գլոբալ ազատություն

Արտասահմանից առցանց գնումներ կատարելու հնարավորությունը փոխել է մարդկանց առևտուր կատարելու վարքը. նրանք դարձել են հիմա ավելի ազատ ու ավելի բծախնդիր: Եթե նախկինում մենք կարող էինք ընտրել այն, ինչ կա խանութում, ապա այժմ հնարավորություն ունենք գնելու այն, ինչ չենք գտնի Հայաստանի խանութներում: Նույնիսկ եթե տվյալ բրենդն ունի իր սրահը:

Ժամանակները շատ արագ են փոխվում` բիզնես պլան ունենալու և դրան հետևելու համար.  այն, ինչ պլանավորել էինք վեց ամիս առաջ, հիմա ընդհանրապես ակտուալ չէ:

Գլոբբինգը ստեղծելիս` նպատակս ազատ լինելն էր ու մասնակցելը երկրում կատարվող դրական փոփոխություններին:
Made in China VS. Made in Italy

ԱՄՆ-ում և Եվրոպայում նույն ապրանքանիշի արտադրանքը որակապես շատ տարբեր են, չնայած նույն տեսքն ունեն:

ԱՄՆ-ում կա որակի բարձր վերահսկողություն. ԱՄՆ-ի Made in China-ն շատ ավելի որակյալ է, քան Հայաստանում վաճառվող Made in Italy-ն:

Ինչո՞ւ Գլոբբինգ

Իսկ Դուք ինչպե՞ս մեկ բառով կանվանեիք գլոբալ, գործողություն և շոփինգ բառերը (Global, Action, Shopping):

Ինչու ընձուղտ Ջորջը

Այն մարդն, ով երբևէ տեսել է ընձուղտ, զբոսնել է նրա հետ, կերակրել ու շփվել, միանգամից կհասկանա` ինչու ընձուղտ:

Ընձուղտները շատ նրբանկատ են ու զգուշավոր. կարող ես նույնիսկ փոքր երեխայի հետ թողնել, ու նա շատ զգույշ կշարժվի, որպեսզի չվնասի, չնեղացնի փոքրիկին:

Այս կենդանին ամեն տեղ հասնում է. եթե փորձում ես թաքցնել նրանից տերևները, նույնիսկ գրպանդ դնել, նա կարողանում է գտնել դրանք: Գլոբբինգը որպես ապրանքանիշ ներկայացնում է ընձուղտ Ջորջը, ով ևս փորձում է ամեն տեղ հասնել:

Ինչպես հաջողության հասնել

Իմ բանաձևը այնքան պարզ է. Ուղղակի չհանձնվել: Եթե դու գնում ես մինչև վերջ, ապա քո գործը չի կարող չստացվել: Բոլոր չստացված, հաջողության չհասած նախագծերը ինչ-որ պահի հանձնվելու, ընկրկելու արդյունք են ընդամենը: