«Կասպերսկու Լաբորատորիան» բացահայտել է Հայաստանում կիբերվտանգների հիմնական աղբյուրները և ներկայացրել կիբերսպառնալիքների վիճակագրությունը: Հայաստանյան օգտատերերի ավելի քան 30%-ը նախորդ տարում կանգնել է կիբերվտանգների առաջ: Այս մասին «Թվային աշխարհի սպառնալիքները» թեմայով ընթրիքին ասել է «Կասպերսկու Լաբորատորիայի» գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին:
Հայաստանում ամեն 3-րդ օգտատեր համացանցում բախվել է կիբերսպառնալիքի՝ վնասակար ծրագրերի, հաքերական գրոհների, դրամաշորթության, մասնավորապես ֆիշինգի, սպամի և այլնի:
Ուսումնասիրության տվյալներով՝ 2016-ին մեկ հայաստանյան օգտատեր տարվա ընթացքում միջինում 13 անգամ հանդիպել է համացանցում տարածվող կիբերսպառնալիքների: Այս ցուցանիշով Հայաստանը աշխարհում 14-րդ տեղում է:
Սակայն տեղային սպառնալիքների ցուցանիշը գերազանցել է համացանցում կիբերսպառնալիքներին: Հայաստանում օգտատերերի 40%-ը կիբերվտանգի է ենթարկվել վարակված վնասաբեր սարքավորումների, կրիչների, ֆլեշերի միջոցով: Մեկ օգտատերը տարվա ընթացքում միջինում 82 անգամ ենթարկվում է տեղային սպառնալիքների:
Բջջային սարքավորումների սպառնալիքների հետ բախվել է օգտատերերի 10%-ը: Նման տվյալները «Կասպերսկու լաբորատորիայում» ստացվել են Kaspersky Security Network ամպային ինֆրաստրուկտուրայի օգնությամբ ներքին վիճակագրական տվյալների վերլուծությունների միջոցով:
Նշենք որ, 2015 թվականին, համաձայն լաբորատոր ուսումնասիրությունների, օգտատերերի 62% ենթարկվել է կիբերհարձակման: