Եվրահանձնաժողովը Google-ին կտուգանի 11 միլիարդ դոլարով

Եվրոպական հանձնաժողովը կարող է առաջիկա շաբաթներին Google-ի Android բջջային օպերացիոն համակարգի գործի վերաբերյալ որոշում կայացնել։ Հակամենաշնորհային օրենքի խախտումների համար տուգանքը կարող է հասնել մինչև 11 միլիարդ դոլարի: Այս մասին հաղորդում է Financial Times թերթը:

«Հանձնաժողովը կարող է մինչև 11 մլրդ դոլար տուգանք սահմանել, ինչը Google-ի Alphabet մայր ընկերության ամբողջ եկամտի 10 տոկոսն է։ Սովորաբար, տուգանքի չափը ցածր է լինում», – նշվում է  հրապարակման մեջ:

2016-ին ԵՀ-ի բողոքի էությունն այն է, որ ընկերությունը իբրև թե որոշակի պայմաններ է սահմանել իր Android օպերացիոն համակարգը լիցենզավորելու համար, որն առաջնություն է տվել սեփական որոնողական առցանց ծառայություններին և ոտնահարել մրցակիցների, ծրագրավորողների և սպառողների իրավունքները: Alphabet-ը այս առնչությամբ մեղադրանքները հերքել է: