McAfee ընկերության անվտանգության մասնագետները Google Play պաշտոնական խանութում վիրուսակիր հավելվածներ են հայտնաբերել:
Փորձագետների խոսքով՝ վիրուսների ստեղծմամբ և տարածմամբ զբաղվել է AsiaHitGroup հաքերների խմբավորումը, որը գործում է 2016 թվականի վերջից: Նրանք Sonvpay անունով վիրուս են տարածել 15 տարբեր ծրագրերում: Տեղադրումից հետո հավելվածը օգտատերերին ծանուցում է ուղարկում թարմացման մասին: Սակայն «թարմացնել» կոճակի տակ հաքերները վայրկենական գրանցում են թաքցրել անհայտ վճարովի ծառայությունների համար:
Որպեսզի Android սմարթֆոնի տերը չնկատի խարդախությունը, հաքերներն օգտագործում են WAP- բիլինգը և տվյալների՝ կայքին փոխանցելու մասին հաղորդագրությունը: Սա թույլ է տալիս անմիջապես գումար դուրս գրել ձեր բջջային հաշվից: Ընդ որում, օգտագործողները չեն նկատում իրենց հեռախոսահամարից ուղարկված հաղորդագրությունը ուղարկված հաղորդագրությունների պատմության մեջ:
McAfee-ի տվյալներով՝ հաքերների թիրախը Ղազախստանի և Մալայզիայի բնակիչներն էին: Սակայն փորձագետները վստահ են, որ կիբերհանցագործների զոհ կարող էին դառնալ օգտագործողներն աշխարհի ցանկացած կետից: 2018 թվականի հունվարից AsiaHitGroup-ը կարող է 60-ից մինչև 145 հազար դոլար վաստակած լինել:
Այս վտանգից պաշտպանվելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հակավիրուսային ծրագրեր օգտագործել, ստուգել արձագանքները Google Play-ի վերաբերյալ և չվստահել ծրագրերին, որոնք վճարման գործառույթներ մուտք գործելու թույլտվություն են պահանջում SMS հաղորդագրությունների միջոցով: