Facebook-ն օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի պատճառով կարող է միլիարդների տուգանք վճարել. Washington Post

ԱՄՆ-ի Առևտրի դաշնային հանձնաժողովը (FTC) և Facebook ընկերությունը սոցկայքի օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի հետ կապված բազմամիլիարդանոց տուգանքի շուրջ համաձայնության գալու նպատակով բանակցություններ են վարում, գրում է Washington Post-ը:

Կողմերը դեռևս քննարկում են տուգանքի հստակ չափը, սակայն եթե բանակցությունները հաջողությամբ չպսակվեն, հանձնաժողովը կարող է գործը դատարան հանձնել:

Տվյալ տուգանքը կարող է FTC-ի կողմից սահմանված ամենախոշորը լինել տեխնոլոգիական ընկերության նկատմամբ: Պարբերականի տվյալների համաձայն՝ նախկինում ամենախոշոր տուգանքը՝ 22,5 մլն դոլար, սահմանվել է Google ընկերության նկատմամբ:

Facebook ընկերությունը հաստատել է բանակցությունների մասին լուրերը, սակայն հետագա պարզաբանումներ չի ներկայացրել:

Հիշեցնենք, որ FTC-ը սոցկայքի դեմ հետաքննություն էր սկսել 2018թ.-ի մարտին, երբ պարզ էր դարձել, որ  Facebook-ը 87 մլն օգտատերերի անձնական տվյալները փոխանցել է նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համագործակցող Cambridge Analytica ընկերությանը:

Ստացված տվյալների հիման վրա մասնագետները գնահատել էին օգտատերերի քաղաքական նախընտրությունները և այնպիսի գովազդներ ցուցադրել, որոնք համընկնում են նրանց հետաքրքրություններին: