iPhone 12-ի նախատիպը պատմության մեջ առաջին անգամ հավաքում են ինտերնետով

Պանդեմիայի պատճառով  Apple  ստիպված էր փոխել մոտեցումները, կապված որոշ մոդելների հետ, որոնց թվում է նաև առաջատար մոդել iPhone 12-ը:

Տարբեր աղբյուրներ վստահեցնում են, որ Apple-ը չի ցանկանում հետաձգել iPhone 12-ի ներկայացումը, այդ պատճառով ընկերության ինժեներները տեսակապի ու այլ միջոցներով օգնում են Չինաստանի իրենց գործընկերներին, որպեսզի նրանք հավաքեն iPhone-ի նոր մոդելի նախատիպերը: Apple-ի նման պահվածքը տրամաբանական է, քանի որ ժամանակն անցնում է, իսկ 5G սմարթֆոններն արդեն սովորական երևույթ են դառնում շուկայում, ու միայն այդ ֆունկցիայով այլևս զարմացնել կամ մրցակիցներից առաջ անցնել չես կարող: Դրան էլ հավելում ենք Apple-ի արտադրանքի պահանջարկի նվազումը ու պարզ է դառնում, որ Apple-ն իսկապես շտապելու պատճառ ունի:

Ներկա պահին Apple-ի աշխատակիցները չեն կարող գնալ Չինաստան, այդ պատճառով այդ և այլ խնդիրներ ստիպված են լուծել ինտերնետի միջոցով: Այդ կապակցությամբ ինտերնետի միջոցով ԱՄՆ-ից Չինաստան են ուղարկվում մեծ քանակությամբ լուսանկարներ, որոնք այս կամ այն կերպ փոխկապակցված են iPhone 12-ի հետ: Դա խիստ անհանգստացնում է Apple-ի ղեկավարությանը, քանի որ նման աշխատելաոճի պատճառով հնարավոր է տեղեկատվության ժամանակից շուտ արտահոսք՝ դիզայնի ու այլ կարևոր դետալների մասին:

Տեղաշարժման սահմանափակումները մեծ խնդիրներ են առաջացնում նաև ԱՄՆ-ում, քանի որ Apple-ի ինժեներները հասանելիություն չունեն 3D տպիչներին, որպեսզի կարողանան պատրաստել այս կամ այն դետալը:

Աղբյուրները վստահեցնում են, որ Apple-ի փորձնական արտադրությունը կսկսվի հունիսին: