Ucom ընկերությունը նոր տնօրեն ունի

Factor.am կայքը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ մի քանի ժամ տևած տնօրենների խորհրդի նիստին, Յուքոմ ընկերությունում նոր ղեկավար են ընտրել։ Կանաչ օպերատորի նոր տնօրենի անունը դեռևս հույժ գաղտնի է պահվում, սակայն աղբյուրը վստահեցնում է, որ դա Բիլայն ընկերության ղեկավար Անդրեյ Պյատախինը չէ, ինչպես նախկինում գրում էին մամուլում։

Ի դեպ, կայքը նշում է, որ ընկերության արդեն նախկին ղեկավար Հայկ Եսայանին տնօրենների խորհրդում պաշտոն են առաջարկել, ինչին նա ոչ մի պատասխան չի տվել։

Հիշեցնենք, որ կանաչ օպերատորի «Յուքոմ» ընկերության  հարյուրավոր աշխատակիցներ  երեկ ազատման դիմումներ էին գրել, այդ թվում՝  ոչ միայն գլխավոր, այլ նաև առանձին ոլորտների տնօրեններ, վարչության և բաժնի պետեր: Համատարած ազատման դիմումների պատճառը «Յուքոմ»-«Բիլայն» առաջիկա միավորումն է ու դրա շուրջ բաժնետերերի միջև առաջացած անհամաձայնությունները։