Giphy-ն էլ առաջվանը չի լինի

Facebook սոցիալական ցանցը մայիսի 15-ին հայտարարել էր իր բլոգում, որ գնել է Giphy ծառայությունը, որը թույլ էր տալիս օգտատերերին GIF ֆորմատով անիմացիոն պատկերներ ստեղծել ու կիսվել դրանցով։ Գործարքի արժեքը չեն հրապարակում, սակայն,  Axios-ի տվյալներով, Giphy-ի ձեռքբերումը կապույտ սոցցանցին մոտ 400 միլիոն դոլար է արժեցել։

Սոցցնացի ղեկավարությունն ընդգծել է, որ Facebook-ը վաղուց օգտագործում է Giphy-ի API-ը, սոցցանցի օգտատերերին հասանելիություն ապահովելով Giphy-ի պատկերների գրադարանին։ Ու ոչ միայն Facebook-ում, այլև  WhatsApp-ում ու  Instagram-ում։

Facebook-ի ենթակայության տակ Giphy-ն կդառնա Instagram-ի մի գործիք։ Երկու ծառայությունների աշխատակիցները կզբաղվեն ավելի նեղ ինտեգրացիայով, որը պետք է հեշտացնի գիֆերի ու սթիքերների փոխանակումը նամակներում ու սթորիներում։ Giphy-ի օգտատերերի վրա գործարքը որևէ կերպ չի անդրադառնա։

The Verge-ը գրում է, որ Giphy-ի API-ը օգտագործում էին նաև Twitter, Pinterest, Slack, Reddit և այլ սոցկայքերը։ Facebook-ի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ այդ ծառայությունների համար նույնպես ոչինչ չի փոխվի։