Դմիտրի Ռոգոզինի թվիթերյան էջն այլևս իրենը չէ․ ի՞նչ է որոշել Ռուսաստանի կառավարությունը

Ռոսկոսմոսի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի Twitter -ի պաշտոնական էջը վերածվել է Ռոսկոսմոսի պաշտոնական էջի։

«Ռոսկոսմոսի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինի էջը շատ հետևորդներ ունի, այնպես որ հաճելի է, երբ դա օգտագործվում է պետական կազմակերպության լուրերի տարածման համար»,- ТАСС-ին հաղորդել են Ռոսկոսմոսի լրատվական ծառայությունից։

«Սկզբունքային կարևոր լուրերը մենք այսպես, թե այնպես համաձայնեցնում ենք Ռոգոզինի հետ, այնպես որ կարիք չկա զուգահեռ երկու էջ վարել»,- մանրամասնել է լրատվական ծառայության ղեկավար Վլադիմիր Ուստիմենկոն։

Հիմա Ռոգոզինի նախկին անհատական էջն ունի 767 հազար հետևորդ, և դա այն դեպքում, երբ Ռոսկոսմոսի պաշտոնական էջին բաժանորդագրված է 154 հազար մարդ։

Նշենք, որ նախկինում Ռոգոզինն իր թվիթերյան էջում ոչ միանշանակ հրապարակումներ էր անում ու շատ հաճախ, որոնք որևէ կապ չունեին նրա գործունեության հետ Ռոսկոսմոսի ղեկավարի պաշտոնում, իսկ մինչ այդ՝ ՌԴ-ի փոխվարչապետի պաշտոնում։ Բացառված չէ, որ այդ հրապարակումները կհեռացվեն միկրոբլոգից։ Սակայն դեռևս դրանք հասանելի են, վայելեք։