Facebook-ը արգելել է Ավստրալիայի բնակիչներին և ԶԼՄ-ներին նորություններ տարածել

Facebook սոցիալական կայքը Ավստրալիայի օգտատերերին և ԶԼՄ-ներին զրկել է տեղական և միջազգային նորություններով կիսվելու հնարավորությունի` օրենքի պատճառով, որն ընդունելու դեպքում Facebook-ը, Google-ը և այլ հարթակները պետք է վճարեն լրատվամիջոցներին իրենց կոնտենտի համար:

Facebook-ի հայտարարության մեջ ասվում է, որ ԶԼՄ-ներին և Ավստրալիայի բնակիչներին արգելվում է տեղադրել լրատվական հղումներ և դիտել տեղական և միջազգային նորությունները սոցիալական ցանցերում: Այլ երկրներում նույնպես սահմանափակված է ավստրալիական լրատվամիջոցների հղումների հրապարակումը և դրանց բովանդակությունը:

Միևնույն ժամանակ, Google-ը, որը նախկինում դեմ էր Ավստրալիայի նոր օրենքին, սկսեց պայմանագրեր կնքել լրատվամիջոցների հրատարակիչների հետ`իրենց բովանդակությունը գումարի դիմաց տեղադրելու համար: Օրինակ՝ ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել Ռուպերտ Մերդոկի News Corporation լրատվական հոլդինգի հետ, որ վճարելու է Google News Showcase-ում հոլդինգի կողմից ղեկավարվող հրապարակումներից նորությունների տեղադրման համար: Դրանում ներառված են The Sun-ի, The Wall Street Journal-ի, The Times-ի և The Australian-ի հոդվածները: Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվել:

Google-ը նաև համաձայնագիր է կնքել Ավստրալիայի խոշորագույն մեդիաընկերության՝ Nine Entertainment-ի հետ, Google-ի նորությունները թողարկելու համար: Լրատվամիջոցների հաղորդմամբ ՝ Google-ը համաձայնվել է տարեկան 30 միլիոն դոլար վճարել:

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին կընդունվի օրենք, որը հարթակներին պարտավորեցնում է լրատվամիջոցներին վճարել կոնտենտի համար:

Ի դեպ, ըստ Կանբերայի համալսարանի, Ավստրալիայի բնակիչների առնվազն 39% -ը նորություններ են ստանում Facebook-ի միջոցով: