WhatsApp-ը քննադատությունից անկախ` շարունակելու է տվյալների գաղտնիության նոր քաղաքականությունը

Facebook Inc.–ին պատկանող Whatsapp ընկերությունը հայտարարել է, որ շարունակելու է իր գաղտնիության քաղաքականության թարմացումը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Հունվարին հաղորդագրությունների հարթակը օգտատերերին տեղեկացրել էր, որ պատրաստվում է գաղտնիության նոր քաղաքականություն մշակել, համաձայն որի` այն կարող է օգտատերերի տվյալները կիսել Facebook-ի և այդ խմբի ընկերությունների հետ:

Վերոնշյալ որոշումը համաշխարհային բողոք է առաջացրել և օգտատերերին ուղել դեպի Telegram և Signal մրցակից ծրագրեր, ինչն էլ WhatsApp-ին դրդել է հետաձգել գաղտնիության նոր քաղաքականության մեկնարկը մինչև մայիս՝  պարզաբանելով, որ թարմացումը կօգնի օգտատերերին բիզնես հաղորդագրություններ ուղարկել՝ առանց անձնական խոսակցությունների վրա ազդելու:

Այս հայտարորությունը հաջորդել է Ավստրալիայում սոցիալական հարթակների վերաբերյալ նոր օրինագծի քննարկումներին։

Հիշեցնենք՝ ավստրալական օրենքը, որով Facebook և Google ընկերությունները ստիպված կլինեն առևտրային գործարքներ կնքել տեղական հրատարակիչների հետ կամ ենթարկվել պարտադիր արբիտրաժի, արդեն իսկ հավանության է արժանացել երկրի դաշնային ստորին պալատի կողմից: Սպասվում է, որ Սենատը ևս դրան հավանության կտա հաջորդ շաբաթվա ընթացքում:

Facebook-ը և Alphabet Inc-ին պատկանող Google ընկերությունը հակաքարոզչություն են նախաձեռնել օրենքների դեմ՝ սպառնալով, որ այս իրավական ակտերի ուժի մեջ մտնելուց հետո իրենք կարող են երկրի տարածքում ապաակտիվացնել մատուցվող ծառայությունների հիմնական մասը: