Boeing-ն Ավստրալիայում մշակված անօդաչու կործանիչի հիման վրա ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի համար ինքնաթիռ կստեղծի

Boeing Co. ընկերությունն Ավստրալիայում մշակված անօդաչու կործանիչ ինքնաթիռը կօգտագործի որպես ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Skyborg ինքնաթիռի նախատիպի հիմք, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության գործադիր տնօրենի այսօր արված հայտարարությունը:

Ավելի քան 50 տարվա ընթացքում Ավստրալիայում նախագծված և արտադրված առաջին Loyan Wingman ռազմական ինքնաթիռը շաբաթ օրն առաջին թռիչքն է կատարել Հարավային Ավստրալիայի ցամաքային կառավարման կայարանից Boeing-ի փորձարկման պատասխանատու օդաչուի վերահսկողության ներքո:

Loyal Wingman-ի երկարությունը 11,6 մետր է, կարող է անցնել մինչև 3704 կմ տարածություն: Դրա առաջամասում կարելի է տարբեր բեռներ տեղավորել: Ինքնաթիռը կարող է նաև զենք կրել և գործել որպես վահան, որն օգնում է պաշտպանել ավելի թանկ մարդատար կործանիչները:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը դեկտեմբերին բազմամիլիոնանոց պայմանագրեր են կնքել Boeing-ի, General Atomics Aeronautical Systems-ի և Kratos Defence-ի, Security Solutions-ի հետ` անօդաչու թռչող ինքնաթիռների նախատիպեր արտադրելու համար:

Աղբյուրը նկատում է, որ պաշտպանության կապալառուներն ավելի ու ավելի շատ ներդրումներ են կատարում ինքնավար տեխնոլոգիայի ոլորտում, քանի որ ամբողջ աշխարհում զինված ուժերն իրենց ռեսուրսներն առավելագույնի հասցնելու համար ավելի էժան և անվտանգ ուղիներ են փնտրում։

Ավստրալիայի կառավարությունը երեքշաբթի հայտարարել է, որ ևս 89 միլիոն դոլար կներդնի՝ Ավստրալիայի թագավորական ռազմաօդային ուժերի համար ևս երեք Loyan Wingman ինքնաթիռներ ձեռք բերելու համար:

Tert.am