Թիմ Քուկն ակնարկել է՝ Apple-ը սեփական ավտոմեքենաները մշակելու շուրջ աշխատանքներ է տանում

Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուկն ակնարկել է ինքնավար տրանսպորտային միջոցների ստեղծման ոլորտում ընկերության աշխատանքի մասին, հաղորդում է CNBC հեռուստաալիքը՝ նշելով, որ արդեն մի քանի ամիս է՝ լուրեր են շրջանառվում, որ ընկերությունը սեփական ավտոմեքենան մշակելու շուրջ բանակցություններ է վարում։

«Ինքնավար մեքենան ռոբոտ է։ Կան շատ բաներ, որոնք կարելի է բացահայտել այդ բնագավառում և մենք կտեսնենք՝ ինչ կարող է անել Apple-ը»,- ասել է Քուկը Sway հեռուստառադիոծրագրի ժամանակ։

Ճշտող հարցին, թե արդյոք Apple-ը սկսել է աշխատել սեփական մեքենաների կամ դրանց տեխնոլոգիաների մշակման վրա, վերջինս հրաժարվել է հստակ պատասխան տալ։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, Apple-ի մեքենաները կարող են դառնալ Tesla-ի մրցակիցները։

Հատկանշական է, որ Մասկն անցյալ տարի հայտնել էր՝ տարիներ առաջ էլեկտրական մեքենաների ստեղծման շուրջ փորձել է բանակցություններ վարել Apple-ի հետ, սակայն Քուկը հրաժարվել է հանդիպել իր հետ։

«Ես երբեք չեմ խոսել Իլոնի հետ` չնայած մեծ հիացմունքով և հարգանքով եմ վերաբերվում նրա ստեղծած ընկերությանը: Ես կարծում եմ՝  Tesla-ն անհավանական աշխատանք է կատարել։ Այնպես որ, շատ բարձր եմ գնահատում նրան»,-ասել է Քուկը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Մասկին և նրա հիմնած Tesla ընկերությանը։

http://tert.am