Նորագույն iPad Pro, iMac, մանուշակագույն iPhone 12 և կորած իրերը գտնելու համար նախատեսված AirTags-ը. Apple-ը ներկայացրել է իր նորագույն արտադրանքները (լուսանկարներ, տեսանյութ)

Ամերիկյան Apple ընկերությունն ապրիլի 20-ին կայացած առցանց շնորհանդեսի ժամանակ մի շարք նորագույն արտադրանքներ է ներկայացրել, որոնց թվում է AirTags սարքավորումը:

Ոչ մեծ չափսի, շրջանաձև սարքը, որը համալրված է Bluetooth-ով, մարտկոցով և բարձրախոսով, թույլ է տալիս գտնել կորած իրերը: Այն պետք է ամրացնել տարբեր առարկաների, ինչպես օրինակ՝ բանալուն, պայուսակին, ճամպրուկին, որպեսզի դրանք գտնվեն կորցնելու դեպքում: Իսկ գտնելու հարցում օգնելու է Apple Find My հավելվածը:

Ընկերությունից նշում են, որ AirTags-ը ստեղծվել է իրերին հետևելու համար և ոչ թե մարդկանց:  Մեկ AirTags-ի գինը կազմում է 29 դոլար: Այն վաճառքում հասանելի կլինի ապրիլի 30-ից:

Ամերիկյան տեխնոլոգիական հսկան ներկայացրել է նաև iPad Pro պլանշետների 11 և 12,9 դյույմ անկյունագծով տարբերակները, որոնք համալրված են M1 պրոցեսորով: Պլանշետը կարող է աշխատել նաև 5G ցանցում: Բացի այդ, սարքավորումը համալրվել է LiDAR սկաներով, երեք տեսախցիկով և մեկ նոր 12 մեգապիքսել կետայնությամբ տեսախցիկով՝ դիտման 122 աստիճան անկյունով:

11 դյույմ էկրանով iPad Pro-ն կարժենա 799 դոլար, մյուսը՝ 1099: Նախնական պատվերներ կարելի է տալ ապրիլի 30-ից:

Apple-ը ցուցադրել է նաև նորագույն iMac-երը՝ առավել բարակ կորպուսով և M1 պրոցեսորով: Սարքավորման հաստությունը կազմում է ընդամենը 11,5 մմ: Այն ներկայանում է մի քանի գույնով՝ դեղին, կարմիր, մանուշակագույն, կանաչ, կապույտ, արծաթագույն: Գաջեթը ներկայանում է 24 դյույմ, 4,5 K էկրանով, FaceTime HD տեսախցիկով, միկրոֆոնով և ձայնային համակարգով:

iMac-ը վաճառքում կհայտնցի մայիսից՝ 1299-1499 դոլարով:

Ընկերությունը ևս մեկ նորույթի մասին է հայտարարել՝ մանուշակագույն iPhone 12-ի և iPhone 12 mini-ի: Նոր գույնով ներկայանում է ոչ միայն հետին վահանակը, այլև ալյումինե շրջանակը: Նորույթի նախնական պատվերներն ընդունվելու են ապրիլի 24-ից:

Բացի այդ, ներկայացվել է Apple TV 4K սարքը՝ համալրված A12 Bionic պրոցեսորով, որը կօգնի կարգավորել Apple TV հեռուստացույցի գունային գամման սմարթֆոնի օգնությամբ:

AirTags

iPad Pro

iMac

 

iPhone 12

http://tert.am