Clubhouse ձայնային հաղորդագրությունների ծառայությունը թողարկել է պաշտոնական ծրագիր Android օպերացիոն համակարգի օգտատերերի համար:
Այս մասին ասված է ընկերության մամուլի հաղորդագրությունում:
Նշենք՝ նախկինում հավելվածը հասանելի էր միայն iOS համակարգի համար: Փետրվարին թողարկվել էր Clubhouse-ի ոչ պաշտոնական Android տարբերակը, որը ստեղծվել էր ռուսական հայտնի VKontakte սոցիալական ցանցի նախկին ծրագրավորող Գրիգորի Կլյուշնիկովի կողմից: Արդեն մարտին Clubhouse-ը սկսել էր արգելափակել ոչ պաշտոնական հավելվածի օգտատերերին:
Ըստ հաղորդագրության՝ մայիսի 9-ից Android հավելվածը հասանելի է Միացյալ Նահանգների օգտատերերին: Այն հետագայում հասանալի կդառնա նաև անգլախոս այլ երկրներում և աշխարհի մնացած մասերում: Ներկայում աշխարհի մնացած երկրների բնակիչները կարող են հավելվածը նախապես պատվիրել Google Play-ի միջոցով:
Հիշեցնենք՝ Clubhouse-ը գործարկվել է 2020-ի մարտին, բայց դրանում օգտատերերի թվի զգալի աճ նկատվել է 2021-ի սկզբին: Հունվարի վերջին հավելվածն ունեցել է շաբաթական 2 միլիոն ակտիվ օգտատեր, իսկ փետրվարի վերջին՝ ավելի քան 10 միլիոն: