WhatsApp-ն արդեն երկար ժամանակ օգտատերերի տվյալները փոխանցում է Facebook-ին. փորձագետ

WhatsApp հաղորդագրությունների ծառայությունը վաղուց իր օգտատերերի բոլոր հնարավոր տվյալներն  ուղարկում է Facebook ընկերությանը:

Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռուսական ազգային տեխնոլոգիական նախաձեռնության՝ SafeNet ինժեներական կենտրոնի փորձագետ Իգոր Բեդերովը և նշել՝ փոխանցված տեղեկատվությունը պարունակում է նամակագրություն, լուսանկարներ, գտնվելու վայրերի և այլ հեռախոսային տվյալներ:

Նշենք՝ WhatsApp-ի գաղտնիության նոր քաղաքականությունն ուժի մեջ կմտնի մայիսի 15-ի, որից հետո օգտահաշվի գրանցման տվյալները, գործարքների, ծառայությունների օգտագործման վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ ընկերության այլ ծառայությունների հետ փոխգործակցությունը, բջջային սարքերի վերաբերյալ տեղեկությունները և IP հասցեն կփոխանցվեն հավելվածի մայր ընկերությանը՝ Facebook-ին:

Այն մարդիկ, որոնք չեն համաձայնվի նոր պայմաններին, ստիպված կլինեն իրենց հաշվից օգտվել որոշ սահմանափակումներով: Այս օգտատերերը կկարողանան միայն մուտքային զանգեր և ծանուցումներ ստանալ, իսկ հաղորդագրություններն ընթերցելն ու ուղարկելն անհասանելի կդառնան:

«Առաջին բանը, որ պետք է ասել, այն է, որ WhatsApp-ը մի քանի տարի է, ինչ պատկանում է Facebook-ին: Այսինքն՝ բոլոր տվյալները, որոնց մասին ընկերությունը նոր է հայտարարում, իրականում սոցցանցին են փոխանցվել երկար ժամանակ»,- ասել է Բեդերովը:

Բացի այդ, նա պարզաբանել է՝ այս ամենն արվում է օգտատերերի քանակն ավելացնելու համար:

«Գաղտնիք չէ, որ որքան երկար ժամանակ օգտատերերի իրական տվյալները տեղ գտնեն Facebook-ում ընդգրկված ծառայություններում, այնքան ավելի ճշգրիտ, արդյունավետ և թանկ գովազդային թիրախավորում կարող է ընկերությունն առաջարկել իր հաճախորդներին»,- ասել է փորձագետը և նշել՝ օգտատերերը պետք է գիտակցեն, որ գաղտնիություն այլևս չկա:

«Նրանց մասին առկա բոլոր տեղեկությունները կհայտնվեն սոցիալական ցանցում: Խոսքը նրանց սարքավորումների, հեռախոսների, նամակագրության, խոսակցությունների բովանդակության, լուսանկարների, զանգերի և այլնի մասին տվյալներն են: Ամեն ինչ կվերլուծվի և կվաճառվի գովազդատուներին, որպեսզի նրանք էլ փորձեն մեզ վաճառել հենց այն, ինչը մեզ ենթադրաբար պետք է»,- ասել է մասնագետը: