Google-ը հայտնել է առաջին մշտական խանութի բացման մասին, որը կգտնվի Նյու Յորքում

Google ընկերությունն իր պաշտոնական բլոգում տեղեկացրել է ԱՄՆ Նյու Յորք քաղաքում առաջին մշտական մանրածախ խանութի բացման մասին:

Նշվում է՝ այն կգտնվի Մանհեթենի Չելսի թաղամասում: Դրա բացումը նախատեսվում է 2021 թվականի ամռանը:

Խանութը հաճախորդներին կառաջարկի Pixel սմարթֆոններ, Pixelbook դյուրակիր համակարգիչներ, Fitbit սպորտային ապարանջաններ և ընկերության այլ ապրանքներ:

Բացի այդ, խանութից կարող են օգտվել համացանցի միջոցով ապրանք պատվիրած բոլոր անձինք: Իրենց պատվերներն ավելի արագ ստանալու համար նրանք կարող են ուղղակի խանութ մոտենալ և նույնիսկ խորհրդատվություն ստանալ Google-ի նոր տեխնոլոգիաների վերաբերյալ:

Նշենք՝ նախկինում Google-ը ժամանակավոր խանութներ էր բացել Նյու Յորքում և Չիկագոյում, որտեղից հաճախորդները կարող էին վերցնել իրենց պատվերները: Այնուամենայնիվ, մշտական վաճառակետի բացումն ընկերության պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենում:

http://tert.am