Android-ի մոտ 100 միլիոն օգտատիրոջ տվյալները համացանց են արտահոսել

Android օպերացիոն համակարգով գործող սարքերի մոտավորապես 100 միլիոն օգտատերերի տվյալները համացանց են արտահոսել և բացահայտվել Google Play հավելվածների առցանց խանութի մի քանի ծրագրերում առկա սխալի պատճառով:

Նման եզրակացության են եկել կիբերանվտանգությունն ուսումնասիրող Check Point Software Technologies ընկերության հետազոտողները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես մանրամասնել են փորձագետները, 23 հայտնի ծրագիր սխալ ձևով է մշակել օգտատերերի տվյալները՝ ամպային տվյալների շտեմարանների հետ ոչ լիարժեք համաժամանակեցման պատճառով: Այդ ծրագրերից են Astro Guru-ն, iFax-ը և Screen Recorder-ը:

Նշվում է՝ սխալը կարող էր հանգեցնել անձնական տվյալների, մասնավորապես, հեռախոսահամարների, վեբ-զննարկչի պատմության, գտնվելու վայրի և այլ տեղեկությունների արտահոսքի:

Բացի այդ, համաժամանակեցման թույլ պաշտպանվածությունը կարող էր ցանցահեններին թույլ տալ նույնիսկ ֆիշինգային հաղորդագրություններ (կիբեռհանցագործության տեսակ, որի նպատակն է ստանալ որևէ սոցիալական կայքի օգտատիրոջ գաղտնի տվյալները, ծածկագիրը և ծածկանունը) ուղարկել օգտատիրոջը՝ նմանակելով հավելվածի իրական մշակողին:

Խնդիրը, հետազոտողների վստահեցմամբ, շատ հավելվածներում դեռևս լուծված չէ:

Օգտատերերին խորհուրդ է տրվում սմարթֆոնից հեռացնել պոտենցիալ վտանգ պարունակող հավելվածները: