«Լրտեսո՞ւմ են». Tesla-ն ակտիվացրել է իր նոր համակարգը, որի նպատակն է մշտադիտարկել և հայտնաբերել անուշադիր վարորդներին

Tesla էլեկտրական մեքենաների արտադրությամբ զբաղվող ընկերությունն ակտիվացրել է իր նոր համակարգը, որի նպատակն է մշտադիտարկել վարորդներին: Tesla-ի սեփականատերերը, որոնք վերջերս ձեռք են բերել մեքենայի Model Y տարբերակը, պատմել են նոր գործառույթի մասին, գրում է Daily Mail-ը:

Մասնավորապես, մեքենայի սեփականատեր Քևին Սմիթը հայտնել է, որ իր Tesla-ն հագեցած է Pure Vision ինքնակառավարման համակարգով: Սա նշանակում է, որ որոշ գործառույթներ, ինչպիսիք են «խելացի զանգ»-ը և երթևեկելի գոտուց հեռանալու մասին նախազգուշացումը, ժամանակավորապես անջատված են, իսկ ինքնակառավարման միացման դեպքում մեքենան ինքնաբերաբար սահմանափակվում է 75 կմ/ժ արագությամբ:

Միևնույն ժամանակ, վերջերս ստեղծված Y մոդելը ներառում է տեսախցիկների հիմքի վրա ստեղծված վարորդների մշտադիտարկման համակարգ: Մասնավորապես, մեքենայի հայելիներից մեկի վերին հատվածում տեղադրված տեսախցիկն այսուհետ կարող է հասկանալ, թե երբ է վարորդն անուշադիր:

Ընկերության փոխանցմամբ՝ մարդկանց մտահոգություններն այն մասին, որ այս նորարարության շնորհիվ ավտոարտադրողը կարող է լրտեսել վարորդներին, անհիմն են, քանի որ համակարգը չի կարող ստացված տեղեկատվությունը պահպանել կամ փոխանցել որևէ մեկին:

Լրատվամիջոցը նշում է նաև, որ չնայած մի շարք դժգոհություններին, նոր գործառույթի մասին սկսել են լավատեսական կարծիքներ արտահայտել ոլորտի քննադատները: Շատերը կիսում են այն կարծիքը, որ նոր հնարավորությունը կարող է կյանքեր փրկել: