Google-ը մշակում է իր առաջին ծալովի սմարթֆոնը

Ամերիկյան Google ընկերությունը պատրաստվում է թողարկել իր պատմության մեջ առաջին ծալվող կորպուսով սմարթֆոնը: Ինչպես փոխանցում է Gizmochina պորտալը, ամերիկյան որոնողական հսկային նման գաջեթի թողարկման հարցում կօգնի հարավկորեական Samsung ընկերությունը:

Տեխնոլոգիական հսկայի Samsung Display ստորաբաժանումը Google-ին գերբարակ ապակի կմատակարարի, որը հնարավոր կլինի ճկել:

Գերբարակ ապակին (UTG) դեռևս օգտագործվում է միայն Samsung-ի սմարթֆոններում: Նման ապակիով համալրված առաջին մոդելը եղել է Samsung Galaxy Z Flip ծալովի սմարթֆոնը: Այդ ապակին կիրառվել է նաև Galaxy Z Fold 2 մոդելում:

Google Pixel-ի ծալովի սմարթֆոնի մասին դեռևս քիչ տեղեկություն կա. ծրագրավորողները գաղտնի են պահում սմարթֆոնի դիզայնն ու բնութագրիչ հատկությունները: Ինսայդերները կարծում են, որ ընկերությունը նորույթը կներկայացնի 2021 թվականի աշնանը` Pixel 6 և Pixel 6 Pro մոդելների հետ: