Չինաստանում հայտնվել է արհեստական բանականությամբ օժտված առաջին վիրտուալ ուսանողը

Հուա Ժիբինը պաշտոնապես գրանցվել և դարձել է Պեկինի Tsinghua համալսարանի ուսանող, գրում է Oddity Central-ը` մանրամասնելով, որ նա շարքային  ուսանող չէ, այլ Չինաստանում արհեստական բանականությամբ օժտված առաջին վիրտուալ ուսանողը:

Ժիբինի տեսքը, ձայնը և նրան վերաբերող ամեն ինչ ստեղծվել է արհեստական բանակության Wudao 2.0 մոդելավորող համակարգի միջոցով: Նրա շնորհանդեսը կայացել է հունիսին` Պեկինի Արհեստական բանականության ակադեմիայի համաժողովի շրջանակում:

Արհեստական բանականության Wudao 2.0 մոդելավորող համակարգ ստեղծվել է որոշ ոլորտներում մեքենաները մարդու պես մտածելու հնարավորությամբ օժտելու համար:

Tsinghua համալսարանի նոր ուսանողը կսովորի Համակարգչային գիտության և տեխնոլոգիայի բաժնում և ակնկալվում է, որ նա միջին վիճակագրական ուսանողից ավելի լավ առաջադիմություն կունենա: Վիրտուալ ուսանողն արդեն կարողանում է պոեմներ գրել, նկարներ նկարել:

«Ծնվելու պահից ի վեր կապված եմ գրականությանը և արվեստին: Ես սկսեցի հետաքրքրվել իմ ծնունդով: Ինչպե՞ս ծնվեցի, կարո՞ղ եմ ինքս ինձ հասկանալ», – չինական Weibo հարթակում իր առաջին վլոգում ասել է վիրտուալ ուսանողը:

Տանգ Ջին` համալսարանում վիրտուալ ուսանողին դասավանդող համակարգչային գիտությունների պրոֆեսորը, ասել է, որ ներկայում ուսանողն ունի վեց տարեկան երեխայի ճանաչողական մակարդակ, բայց ակնկալվում է, որ մեկ տարվա ընթացքում նա կհասնի 12-ամյա երեխայի մակարդակին:

http://tert.am