Rolls-Royce-ը 2030 թվականից միայն էլեկտրական մեքենաներ կարտադրի. ներկայացվել է ընկերության առաջին էլեկտրական մեքենայի նախնական օրինակը (լուսանկարներ)

Շքեղ ավտոմեքենաների արտադրող Rolls-Royce-ը չորեքշաբթի հայտարարել է, որ մինչև 2030թ. իր արտադրած բոլոր մեքենաները էլեկտրական կլինեն: Գործադիր տնօրեն Թորստեն Մյուլեր-Օտվոսը նաև հայտարարել է Rolls-Royce-ի առաջին էլեկտրական մեքենայի մասին: Այս մոդելը, որը կոչվում է Spectre, պետք է շուկա դուրս գա 2023 թվականի չորրորդ եռամսյակում, գրում է Luxury Launches-ը:

«Այս նոր արտադրանքով մենք վերահաստատում ենք մեր մտադրություններն ու հնարավորությունները՝ ամբողջովին էլեկտրաֆիկացնել մեր արտադրանքի ամբողջ պորտֆելը մինչև 2030 թվականը»,-էլեկտրական մեքենաների արտադրությանն անցման մասին լուրը մեկնաբանել է Մյուլեր-Օտվոսը:

Rolls-Royce-ն ամենավերջին ավտոարտադրողն է, որը հայտարարել է առաջիկա 10-15 տարիների ընթացքում էլեկտրական մեքենաների արտադրությանն անցում կատարելու մասին: Այս մասին ավելի վաղ հայտարարել էին Jaguar-ը, Bentley-ն և Mercedes-Benz-ը:

Tert.am