Apple-ը հնարավորություն է ստեղծել iPhone-ը ինքնուրույն վերանորոգելու համար

Apple-ը թույլ կտա օգտատերերին ինքնուրույն վերանորոգել սմարթֆոններն ու համակարգիչները։ Այս մասին հայտնում է ընկերության կայքը։

Ամերիկյան ընկերությունը հայտարարել է Self Service Repair ծրագրի գործարկման մասին: Վերջինս կվաճառի iPhone-ի և Mac-ի մասերն ու կտրամադրի վերանորոգման հրահանգները։ Առաջին հերթին Apple-ը կիրականցնի iPhone 12-ի և iPhone 13-ի դետալների վաճառքը, այնուհետև վաճառքում կհայտնվեն M1 պրոցեսորով Mac համակարգիչների բաղադրիչները:

Հաղորդվում է, որ Self Service Repair-ը մեկնարկում է հաջորդ տարվա սկզբին ԱՄՆ-ում: 2022 թվականի ընթացքում ծրագիրը կընդլայնվի նաև այլ երկրներում։

«Սկզբնական փուլում այն կկենտրոնանա առավել հաճախ օգտագործվող ր վնասվող բաղադրիչների վրա, ինչպիսիք են iPhone-ի էկրանը, մարտկոցը և տեսախցիկը», – նշել են ընկերության ներկայացուցիչները: Apple-ի խանութում հնարավոր կլինի պատվիրել ավելի քան 200 մասեր, որոնք թույլ կտան տանը կարգավորել iPhone-ի ամենատարածված անսարքությունները:

“Apple-ի օրիգինալ մասերի հասանելիության ընդլայնումը մեր հաճախորդներին ավելի մեծ ընտրություն կտա վերանորոգման անհրաժեշտության դեպքում”, – նշել է Apple-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Ջեֆ Ուիլյամսը: