Ռուսաստանում գործարկել են TikTok-ի տեղական համարժեքը

Ռուսաստանում պաշտոնապես գործարկել են TikTok-ի տեղական համարժեքը՝ «Գազպրոմ-մեդիա» (ԳՊՄ) հոլդինգի՝ ուղղահայաց ձևաչափով տեսանյութերի Yappy ծառայությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է ծառայության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Նոյեմբերի 29-ից Yappy հավելվածը հասանելի է դարձել iOS և Android հարթակներում:

Հավելվածի մշակմամբ զբաղվում է Ritm Media-ն, որը մտնում է ԳՊՄ-ի մեջ:

«IT-նորույթը պատասխանատու է լինելու սոցիալական ցանցերի շուկայի վերջին միտումների համար և թողարկվելու է UGC-վիդեոստոկի ձևաչափով՝ ուղղահայաց կարճ տեսանյութերի պահպանմամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այնտեղ նշվում է, որ ծառայությունը թույլ կտա ոչ միայն հետևել հոլովակներին, այլև կոնտենտ ստեղծել:

ԳՊՄ-ում հավելվածի գործարկման մասին հաղորդել էին սեպտեմբերի վերջին: Yappy հարթակը շարժական հավելված է ուղղահայաց ձևաչափով կարճ տեսանյութերի ստեղծման, փոխանակման և դիտումների համար: ԳՊՄ-ում խոստացել են հավելվածը նոր գործառույթներով նորացնել օգտատերերի արձագանքների հիման վրա: