Հայաստանը հայտնվել է սոցցանցերի միջոցով լրտեսությամբ զբաղվող պետությունների ցանկում. թիրախում եղել են լրագրողներն ու քաղաքական գործիչները

Facebook սոցցանցը տեղեկացնում է մոտ 50 000 օգտատիրոջ՝ ավելի քան հարյուր երկրից, որոնք կարող են հայտնվել հաքերային հարձակումների թիրախում:

Ինչպես փոխանցում է Washington Post-ը, այս մասին ընկերությունը հայտնել է հինգշաբթի: Ընկերության հաղորդագրության մեջ նշվում է, որ հարձակումները կարող են իրականացվել պետական մարմինների համար աշխատող վերահսկող ընկերությունների կողմից, որոնց թիրախն ամենից հաճախ դառնում են լրագրողները, քաղաքական գործիչները, իրավապաշտպանները:

Ծանուցումներն ուղարկվում են Meta-ի (Facebook-ի մայր ընկերություն) իրականացրած մի քանի ամսյա հետաքննության արդյունքում: Facebook-ը հայտնել է, որ պատժիչ գործողություններ է նախաձեռնում հսկողություն իրականացնող 7 ընկերության (4 երկրից) նկատմամբ՝ մոտ 1500 կեղծ հաշիվներ վերացնելով և արգելափակելով վնասակար վեբ-կայքերը:

Ընկերությունների թվում, որոնց նկատմամբ Meta-ն պատժամիջոցներ է սահմանում, ընդգրկվել է Հյուսիսային Մակեդոնիայում գործող Cytrox-ը: Զեկույցում նշվում է, որ Meta-ն 300 ֆեյսբուքյան և ինստագրամյան հաշիվ է ջնջել, որոնք Cytrox-ն օգտագործում էր թիրախավորված օգտատերերն խաբելու համար 10 երկրում, այդ թվում՝ Եգիպտոսում, Հայաստանում, Հունաստանում, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Կոլումբիայում, Կոտդիվուարում, Վիետնամում, Ֆիլիպիններում և Գերմանիայում:

Tert.am