Apple-ը մտադիր է հրաժարվել iPhone-ում SIM-քարտի օգտագործումից

Ամերիկյան Apple ընկերությունը պատրաստվում է սմարթֆոնների թողարկման, որոնք կաշխատեն առանց ֆիզիկական SIM-քարտերի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով 9to5mac պորտալին:

Ըստ աղբյուրի՝ տեխնոլոգիական հսկան բանակցություններ է վարել ԱՄՆ-ի բջջային կապի օպերատորների հետ՝ խորհուրդ տալով նրանց պատրաստվել այնպիսի սմարթֆոնների թողարկման, որոնք համալրված կլինեն միայն էլեկտրոնային քարտով (eSIM): Դա պետք է տեղի ունենա արդեն 2022 թվականի սեպտեմբերին: Խոսքն ապագա iPhone 14-ի մասին է:

Հավանաբար, Apple-ն առանց SIM-քարտի «այֆոն» կթողարկի միայն ամերիկյան շուկայի համար, ինչպես դա արվել է mmWave 5G ստանդարտի աջակցման դեպքում, որը բացառիկ է մնում ԱՄՆ-ի համար:

iPhone-ի վերջին մի քանի սերունդները կարող են կիրառել eSIM, որը հնարավոր է գործարկել ֆիզիկական nanoSIM-ի հետ միասին:

Tert.am