Հայտնի է՝ մարտին ինչ նորույթներ կներկայացնի Apple-ը

Ամերիկյան Apple ընկերությունը մարտին կանցկացնի իր նորույթների մեծ շնորհանդեսը, որոնց թվում կլինի iPad Air 5 պլանշետը, հայտնում է ճապոնական Mac Otakara պորտալը։

Ընկերությունում մտադիր են ցուցադրել առնվազն երկու նոր գաջեթ՝ նոր iPad Air-ի հետ մեկտեղ կներկայացվի երրորդ սերնդի iPhone SE-ն։ Վերջինիս բնութագրերն արդեն հայտնի են՝ սմարթֆոնը կկառուցվի Apple A15 Bionic պրոցեսորի հիման վրա՝ հինգերորդ սերնդի ցանցերի աջակցությամբ։

Կանխատեսվում է, որ նոր iPad Air 5-ը կունենա Apple A15 Bionic չիպ, 12 մեգապիքսել լայնանկյուն առջևի տեսախցիկ՝ օգտատերերի հետագծմամբ, 5G աջակցություն:

Արտաքնապես պլանշետը չի փոխվի և կպահպանի 10,9 դյույմանոց IPS էկրանը: Ինսայդերները կարծում են, որ Apple-ը կպահի iPad Air 5-ի արժեքը ներկայիս «քառյակի» մակարդակին: iPhone SE 3 սմարթֆոնի մեկնարկային գինը ԱՄՆ-ում կարող է 400 դոլար լինել:

Tert.am